Հասարակություն

Մեկ տարեկան էր, երբ սկսեց հայերի կոտորածը. Շնորիկ Մինասյանը 100 տարեկան է

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»-ԱՄՆ

Լոսանջելեսաբնակ Շնորիկ Մինասյան տատը օրերս բոլորել է 100 տարին: Նա ծնվել է Արևմտյան Հայաստանում, մեկ տարեկան է եղել, երբ սկսվել է հայերի կոտորածը: Հայրն անհետ կորել է. մինչև տեղահանությունը, գյուղի տղամարդկանց հետ միասին, նրան նույնպես թուրքերը տարել են անհայտ ուղղությամբ: Մոր և եղբոր հետ հազիվ է փախել ցեղասպանությունից: Դեր Զորի անապատում կորցրել է նաև մորը: Եղբոր հետ ապաստանել է  մանկատանը: Տարիներ հետո, մայրը գտել է երեխաներին, նրանց հետ միասին ապաստանել Հունաստանում, ապա տեղափոխվել Հայաստան: Շնորիկ տատն այժմ մեծ գերդաստանի տեր է. ունի երեխաներ, թոռներ, ծոռներ ու նույնիսկ` թոռի թոռ: Թեև հիվանդության պատճառով դժվարությամբ է խոսում, բայց ամեն անգամ եկեղեցի այցելելիս իր մեջ ուժ է գտնում աղոթել գերդաստանի ու իր ժողովրդի արևշատության համար: Տերունական աղոթքն ու տիրոջ խաչն են փրկել իրեն գաղթի ճանապարհին ու կյանքի բոլոր դժվար պահերին, համոզված է 100-ամյա տատիկը:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից Շնորիկ Մինասյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: Նրան է հանձնվել նաև ՀՀ սփյուռքի նախարարության կողմից տրված ոսկե մեդալը:

 

 

 

Կարդացեք նաև
Close
Back to top button