Հասարակություն

Հեռավար լրացուցիչ շարունակական կրթության ծրագիրը կմեկնարկի 2014-ի սեպտեմբերին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հեռահար կրթությունը Հայաստանում դեռևս նորություն է և այս համակարգի ներդրողներից մեկն էլ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնն է, որը առաջարկում է 3- 4 ամիս տևողությամբ դասընթացներ` հասարակագիտական և հումանիտար մասնագիտություններով: Կրթության առանձնահատկությունն այն է, որ դասընթացներն իրականացվելու են առցանց և ավարտին մասնակիցներն ստանալու են հավաստագրեր: Գիտակրթական միջազգային կենտրոնի արտաքին կապերի բաժնի ղեկավար, հեռավար շարունակական կրթության կազմակերպում ծրագրի ղեկավար Արուսյակ Հարությունյանն ու կրթության որակի ապահովման բաժնի ղեկավար, հեռավար շարունակական կրթության կազմակերպում ծրագրի համակարգող Նարինե Վարդանյանն այսօր, խոսելով Հայաստանում հեռավար կրթության ներդրման հեռանկարների մասին, հայտնել են, որ առաջին տարվա դասընթացները կկազմակերպվեն անվճար:

Կրթական համակարգի բոլոնյան բարեփոխումների շրջանակներում ՀՀ որդեգրած պարտավորվածությունների շարքում կարևոր տեղ է հատկացվում հարատև, շարունակական կրթությանը: Գիտության և տեխնիկայի զարգացման ներկա փուլում շարունակական կրթության բնագավառում աշխարհում մեծ տարածում ունի հեռահար ուսուցումը, որը շահագրգիռ անձանց հնարավորություն է տալիս ստանալ համապատասխան ուսում, կամ մասնակցել վերապատրաստման կուրսերի առցանց, իրենց հարմար վայրում և իրենց հարմար ժամերի:

ՀՀ-ում այս համակարգը դեռևս նոր է և այս համակարգում առաջին քայլերն է անում ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը, որտեղ հեռավար լրացուցիչ շարունակական կրթության ծրագիրը կմեկնարկի արդեն այս տարվա սեպտեմբերին: Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց հեռավար շարունակական կրթության կազմակերպում ծրագրի համակարգող Նարինե Վարդանյանը դասընթացները հաջողությամբ ավարտած ուսանողին կտրվեն համապատասխան հավաստագրեր:

«Սրանք մասնագիտություններ չեն, դասընթացներ են հիմնականում հասարակական, հունամիտար բնագավառից: Հետաքրքրություն չի ցուցաբերվել բնագիտական, ֆիզիկա-մաթեմատիկական առարկաների դասավանդման ուղղությամբ»:

Մասնագիտությունները որոշվել են սոցհարցումների հիման վրա, որոնք անցկացվել են ինչպես ուսանողների, այնպես էլ գործատուների շրջանում: Ի դեպ` հեռավար կրթությունը կնպաստի նաև կրթության միջազգայնացմանը, ինչին այսօր ձգտում են բոլոր բուհերը, նկատեց Գիտակրթական միջազգային կենտրոնի արտաքին կապերի բաժնի ղեկավար, հեռավար շարունակական կրթության կազմակերպում ծրագրի ղեկավար Արուսյակ Հարությունյանը:
«Առաջին հերթին վերապատրաստում ենք մեր բոլոր դասախոսներին: Ծրագրի տևողությունը 15 ամիս է: Կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն»:

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում, որի ընդհանուր բյուջեն կազմել է 74 մլն դրամ:

Back to top button