ԿարևորՀասարակություն

«Դեմ եմ».«Իշխանությունները փորձում են մոլորեցնել հասարակությանը»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ՍԴ կայացրած որոշման վերաբերյալ «Դեմ եմ» նախաձեռնության միասնական մեկնաբանությունն ու դիրքորոշումը շարժման անդամները կներկայացնեն առաջիկա երկու օրերին: Մի բան, սակայն, նրանք լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ շեշտել են միանշանակ` իշխանության ներկայացուցիչների որեւէ տարաբնույթ եւ իրար հակասող կարծիքներն ու մեկնաբանությունները պետք չէ հիմք ընդունել: «Իշխանությունները ՍԴ որոշումը մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու»,-շեշտել են «Դեմ եմ»-ի ներկայացուցիչները` հավելելով, որ ՍԴ որոշումը հստակ չէ եւ իրենք վերջնական հաղթանակ չեն արձանագրել, հետեւաբար` պայքարը շարունակելու են: Մինչ այդ` ներկայումս պահանջում են, որ իշխանության ներկայացուցիչները չփորձեն հանրությանը մոլորեցնել իրենց հակասական մեկնաբանություններով:

«Դեմ եմ» շարժումը տվյալ օրենքի դեմ պայքարում է, քանի որ այն նախեւառաջ հակասոցիալական, հակամարդկային է ու հետո միայն հակասահմանադրական` շեշտեց նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը: Օրենքի հակասահմանադրականությունը ՍԴ-ն ճանաչեց: Այդ մասին նախաձեռնության պաշտոնական դիրքորոշումը կլինի մեկ-երկու օրից: Մինչ այդ` նախաձեռնության անդամները կոչ են անում հիմք չընդունել իշխանության ներկայացուցիչների հակասական մեկնաբանությունները:

Իշխանությունը հարցի հետ կապված ՍԴ որոշումը մեկնաբանում են այնպես ինչպես իրեն ձեռնտու է: Հետեւաբար, «Դեմ եմ» նախաձեռնության անդամները կոչ են անում դրանք որպես հիմք չունդունել: Մասնավորապես` Հարություն Աղլամազյանը կոչ արեց չընտրել հիմնադրամներ, կառավարիչներ եւ չանել վճարում: Նրա ձեւակերպմամբ` այս առումով իրենց համար ՍԴ որոշումը ոչ կոնկրետ եւ շատ անորոշ է: Մյուս կողմից` հասկանում են, որ համաձայն այդ որոշման որեւէ մեկը պարտադրել չի կարող:

Վահագն Ավագյանի խոսքով` խնդիրն այն չէ, որ իրենք վստահ չեն, թե ՍԴ որոշումն իրենց օգտին է, այլ այն, որ իշխանությունները փորձում են մոլորեցնել հասարակությանը` ձեւակերպեց «Դեմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչը:

Չենք թույլ տա, որ գործադիրի կողմից մոլորեցման փորձեր արվեն` հավելեցին նախաձեռնության անդամները` կառավարությանը կոչ անելով զբաղվել ՍԴ հանձնարարած գործով` օրենքի շտկմամբ: Իրենք էլ, ասացին, պայքարը շարունակելու են, քանի որ կան տարաձայնություններ եւ պայքարելու են նաեւ ՍԴ որոշման համար, այնքան քանի դեռ չի բավարարվել իրենց հիմնական պահանջը` պարտադիրի վերացումը:

Back to top button