ԿարևորՔաղաքական

Արցախի վարչապետը բավարարված է ինտեգրման ներկա մակարդակից. ՀՀ- ի հետ միացումը չի դիտարկում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Վերջին տարիներին Արցախից ոչ թե բնակչության արտահոսք կա, այլ ընդհակառակը՝ կա և բնական, և մեխանիկական աճ, Արցախի պետհամալսարանի ուսանողության հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Կառավարության համար խնդիրը արտագնա աշխատանքով զբաղված 800 քաղաքացիներին հայրենիքում պահելն է:

Տնտեսության զարգացման համար ձեռնարկված քայլերի մասին ապագա քաղաքագետների հարցերում քաղաքական ենթատեքստ տեսնելով՝ Արցախի կառավարության ղեկավարը մի քանի հրատապ հարցերի անդրադարձավ: Մասնավորապես՝ հայտարարեց, որ քաղաքական դիրքորոշում կա այն տարածքների վերաբերյալ, որոնք ազատագրվել են պատերազմով և հիմա ԼՂՀ մաս են կազմում: Սրա մասին Արա Հարությունյանը հայտարարեց՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է հետաձգվում Ստեփանակերտ- Ակնա- Մարտունի ճանապարհի վերանորոգումը: Որևէ քաղաքական ենթատեքստ չկա. հետաձգվում է, քանի որ ավելի ռազմավարական դիտարկվեց Ստեփանակերտ-Ննգի –Մարտունի ճանապարհը, ասաց։

Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման մասին հարցին պատասխանելով՝ հայտնեց, որ այն  բանակցությունների առարկա է դարձել։ «Համանախագահող երկրների ներկայացուցիչները խնդրել են շահագործման աշխատանքները հետաձգել՝ բանակցությունների եղանակով լուծելու տարբերակը ունենալուց հետո»։

Արցախի կառավարության ղեկավարը նաև Արցախ- Հայաստան փոխհարաբերությունների մասին խոսեց՝ արցախյան քաղաքական կուսակցությունների գաղափարական տարբերությունների մասին հարցին պատասխանելիս: Անկախ Արցախի Հանրապետությո՞ւն, թե՞ Միացյալ Հայաստան.  սա Արցախի քաղաքական ուժերի գաղափարական ամենամեծ տարբերությունն է, ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արա Հարությունյանը: «Արցախը պետք է լինի անկախ։ Հայաստանի Հանրապետություն չենք. Հայաստան ենք, բայց Արցախի Հանրապետություն։ Այն ինտեգրումը, որ ունենք այսօր  Հայաստանի հետ, համարում ենք բավարար, սրանից ավելի մերձեցում, միացում մենք չենլք տեսնում»։

Ծրագրային տարբեություններ կան նաև երկիրի սոցիալ-տնտեսական զարգացման ուղիների շուրջ, բայց այսօր կուսակցությունները միավորվել են գործող նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրի շուրջ, որը կուսակցական ծրագրերի ընդհանությունների վրա է կազմվել: 

Քաղաքական կյանքն Արցախում հավանաբար կաշխուժանա նոր տարուց հետո: 2015 թվականի խորհրդանական ընտրություններով Արցախում մշտական հիմունքներով գործող Ազգային ժողով է ձևավորվելու: Սպասվում է, որ մինչ այդ փոխվելու է նաև համամասնական ու մեծամասնական մանդատների թիվը։

Back to top button