Հասարակություն

Փոխվարչապետը հանդիպել է ցրտահարությունից տուժած արմավիրցիների հետ

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր

Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ  այսօր հանդիպել է Արմավիրի մարզի ցրտահարությունից տուժած Բաղրամյանի տարածքի համայնքների ղեկավարների հետ, ծանոթացել առկա խնդիրներին, որոնք ներկայացվելու են կառավարության առաջիկա քննարկմանը:  Փոխվարչապետը նշել է, որ տուժած գյուղացիներին աջակցության կարգով կտրամադրվեն բանջարա- բոստանայինմշակաբույսերի սերմեր, սելավատարներից ինքնահոս եղանակով կտրվի  ոռոգման ջուր, լրացուցիչ քանակությամբ պարարտանյութ և դիզվառելիք:

Երկարատև պահպանված ցուրտն արդեն իր սև գործն արել է. երկու օր է, ինչ ցերեկային ժամերին ջերմաստիճանը  աստիճանաբար բարձրանում է և նկատելի  է դառնում  ծառերի սևացած ծաղիկները, որոնք ցրտահարվել են,  և փշրվում- թափվում են,  մի քանի օրից ծառերը կրկին կմերկանան: Հացիկ գյուղի բնակիչ Սուրեն Դավթյանի 23 տարի առաջ հիմնած դեղձի և ծիրանի 1 հա այգին, սեփականատիրոջ խոսքով,  95 տոկոսով վնասվել է, բերք չի ունենալու, սակայն այգիները պահպանելու նպատակով պետք է ժամանակ առ ժամանակ ոռոգել և բուժել: 

Մարզի մյուս գյուղերի պտղատու այգիներում դարձյալ նույն տեսարանն է: Ցրտահարված գյուղացիական տնտեսությունների  խնդիրներին տեղում ծանոթանալու և գյուղացիներին աջակցելու նպատակով  այսօր Բաղրամյանի տարածքի գյուղապետերի հետ հանդիպեց տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Փոխվարչապետի խոսքով` ցանկանում է սկզբնաղբյուրից տեղեկանալ գյուղացու հոգսերին և դրանց հնարավորին չափով լուծում տալ: Հատկապես աջակցության կարիք ունեն պտղի այգիների սեփականատերերը, որոնք այս տարի պտուղը կփոխարինեն բոստանով և բանջարեղենով:

Տուժած գյուղացիների կրած վնասները մեղմացնելու նպատակով Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ այս տարի նրանց կառաջարկվի  մարզի չօգտագործված վարելահողերը դնել շրջանառության մեջ, գյուղացիներին կտրամադրվեն  բանջար- բոստանային մշակաբույսերի սերմեր: Կարևորվեց նաև  ոռոգման ջրի  հարցը, որը սելավատարներից կմատակարարվի ինքնահոս եղանակով: Իսկ հատկացվող վարելահողերն էլ պետք է ջրդի լինեն և  ավելորդ հոգս չդառնան գյուղացու համար:

Գյուղնախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրեց, որ գյուղացիներին  ըստ պահանջի կհատկացվեն սերմեր, պարարտանյութ և դիզվառելիք: Արմավիրի մարզում 7000տ պարարտանյութի պահանջարկից արդեն ներկրվել է 3500 տոննան: Գյուղապետերը առաջարկեցին ավելացնել պարարտանյութերի քանակը, կարգավորել  ոռոգման ջրի խնդիրը, վերանայել վարկերը, ինչպես նաև բարձրացրեցին սահմանամերձ Բագարան և Երվանդաշատ համայնքերի  հակակարկտային կայանների տեղադրման խնդիրը: Այս համայնքների օդային տարածքը համարվում է  միջազգային ավիափոխադրման միջանցք, ինչի պատճառով գյուղերում տեղադրված հակակարկտային կայնները  հանվել են։

Տուժած գյուղացուն յուրաքանչյուր աջակցությունն էլ մատից փուշ հանել է: Մյասնիկյանցի Անդրանիկ Ասլանյանի 10 տարվա  0,5 հա  տարածություն ընդգրկող ծիրանի այգին լրիվ վնասվել է։ Նա այսօր ողջունեց կառավարության  աջակցությունը. «Եթե կառավարությունը հնարավորություն կունենա գյուղացուն օգնելու` դա շատ լավ կլինի, եթե չէ` գոնե հետաձգի վճարների մարումը»,- ասաց։

Ուժեղ  քամին բացի գյուղացիական տնտեսություններից վնասել է նաև շենք-շինությունները, որոնք կվերականգնվեն  մարզերի հրատապ խնդիրների  լուծում պահանջող 5-րդ ծրագրի շրջանակներում: 

Back to top button