Մշակույթ

Իտալական դաշնամուրային երաժշտություն`Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ապրիլի 3-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կկայանա ժամանակակից համաշխարհային երաժշտությանը նվիրված 1900+ նախագծի հերթական 9-րդ համերգը: Այս անգամ համերգը հայ ունկնդրին կներկայացնի իտալական դաշնամուրային երաժշտություն: Համերգի մենակատարն է ճանաչված դաշնակահար, 1900+ նախագծի գեղարվեստական ղեկավար Հայկ Մելիքյանը, ով համերգի ընթացքում կհնչեցնի Իտալիայի 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության ականավոր գործիչների ստեղծագործություններ: Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանն ու դաշնակահար Հայկ Մելիքյանն այսօր լրագրողներին են ներկայացրել իտալական երաժշտության երեկոյի նպատակն ու համերգային ծրագիրը:

Մեկ համերգ և իտալական դաշնամուրային երաժշտության մեկ երեկո: Ճանաչված դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը Երևանում առաջին անգամ կներկայացնի ամբողջովին իտալական ձեռագիր ունեցող համերգային մի ծրագիր, որը տեղի կունենա ժամանակակից համաշխարհային երաժշտությանը նվիրված 1900+ նախագծի շրջանակներում: Նախագծի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի տարբեր երկրների 20-րդ դարի և ժամանակակից դաշնամուրային երաժշտության անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ են հնչում Հայաստանում: Նախագծի 9-րդ համերգը նվիրված է իտալական երաժշտությանը: Երկար սպասված այս համերգային ծրագրի վրա Հայկ Մելիքյանը մեկ տարի չէ, որ աշխատել է, հետևաբար համերգը երկար սպասված է առաջին հերթին հենց իր համար, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց դաշնակահարը:

«Ուրախ եմ, որ Բաբաջանյան սրահն ունի բոլոր տեխնիկական հնարավորությունները ցուցադրելու Լուիջի Նոնոյի ստեղծագործությունը, որը դաշնամուրի և էլեկտրոակուստիկ ձայների համար է: Բացի դրանից կնվագեմ նաև Ջակինտո Շելսիի, Ալֆրեդո Կազելլայի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ»:
Համերգի կազմակերպումը ողջունեց նաև Հաաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանՋովաննի Ռիչուլին:
«Ես մեծ բավականություն եմ ստանում այս համերգի մասին խոսելիս: Իտալական երաժշտությունը հիմնականում ասոցացվում է դասական կոմպոզիտորների հետ, բայց այս անգամ Հայկ Մելիքյանի շնորհիվ հայ հանդիսատեսը կծանոթանա նաև իտալականժամանակակից երաժշտությանը: Վստահ եմ, որ սպասվում է բավականին տպավորիչ համերգ, ինչի համար ես շնորհակալ եմ ինչպես Հայկ Մելիքյանին, այնպես էլ Հայաստանի մշակույթի նախարարությանը, ով աջակցել է այս համերգի կազմակերպմանը»:

Նշենք, որ 1900+ նախագիծը մեկնարկել է 2009 թվականին և մինչև այժմ հանրությանը ներկայացրել է ֆրանսիական, ռուսական, շվեյցարական, լեհական, ճապոնական, գերմանական, բալթյան երկրների և ամերիկյան դաշնամուրային երաժշտության համերգներ: Վաղը կայանալու է նախագծի 9-րդ համերգը, որն արդեն իսկ վկայում է նախագծի հաջողության մասին, նկատեց դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը:

Նշենք, որ համերգը կկայանա վաղը` Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում: Ինչպես հայտնեցին կազմակերպիչները, մուտքն ազատ է:

Back to top button