Միջազգային

Թուրքիան հայերին անվտանգություն եւ հոգեկան հանգստություն է խոստանում

ՆԱՏՕ- ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել մեկնելու ճանապարհին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն «Սաբահի» հետ զրույցում անդրադարձել է Քեսաբի վերջին իրադարձություններին։ Նա նշել է, որ տարածված վերջին լուրերը պետք չէ անվերապահորեն ընդունել։ Դավութօղլուն դժգոհել է, որ ոմանք ակնարկում են «Ալ Կաիդայի» եւ Թուրքիայի միջեւ կապի մասին եւ դրանք գնահատել որպես սեւ քարոզչություն։ «Թուրքիայի անունը չի կարող նշվել «Ալ Կաիդայի» կամ դրան հարող որեւէ կազմակերպության հետ մեկտեղ նույն նախադասության մեջ։ Սա ակնհայտ հակաքարոզչություն է»,- ասել է նա։

Թուրքիայի դիրքորոշումը Սիրիայի նկատմամբ պայմանավորված է մարդասիրական մղումներով, նշել է Դավութօղլուն՝ ընդգծելով, որ միջազգային կազմակերպությունները բազմաթիվ անգամ գովել են սիրիացի փախստականներին օգնելու Անկարայի ջանքերը։

«Մարդասիրական կարիքները առաջնահերթություն են Թուրքիայի համար նաեւ հայաբնակ Քեսաբի շրջանում բախումների պարագայում։ Թուրքիան բացել է իր դռները կրակի ճիրաններում հայտնված հայերի առաջ։ Ես անձամբ խոսել եմ հայկական հիմնադրամների եւ համայնքի (թուրքահայ խմբ.)  ներկայացուցիչների հետ՝ հավաստիացնելու համար, որ Թուրքիայի դռները բաց են հայ փախստականների համար»։

Դավութօլուն ասել է, որ Ասադի վարչակարգի եւ Սիրիայի ազատ բանակի բախումներից փախչող հայերը սկսել են ժամանել Թուրքիա՝ ավելացնելով, որ Անկարան պատրաստ է ամեն ինչ անել հայերի անվտանգությունն ու հոգեկան հանգստությունն ապահովելու համար։ «Սաբահը» նշել է, որ երեկ երկու քույրերեր՝ 80 եւ 82- ամյա Սրբուհի եւ Սաթենիկ Թիթիզյանները, ովքեր փախել էին Քեսաբից, ժամանել են Թուրքիա,  կապվել Թուրքիայում բնակվող իրենց բարեկամների հետ եւ ասել, որ կտեղափոխվեն Վաքըֆ հայկական գյուղ։

Back to top button