Միջազգային

Թանկ ապահարզան. փորձագետները գնահատում են ԱՊՀ- ն լքելու Ուկրաինայի որոշումը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ուկրաինան լքում է  Անկախ պետությունների պամագործակցությունը այս կառույցում իր նախագահության ժամանակահատվածում: Բնականաբար՝ վայր են դրվել և նախագահական լիազորությունները, ինչի մասին համապատասխան նոտա է հղվել ԱՊՀ գործադիր կոմիտե: Մինչև տարեվերջ ԱՊՀ արդեն «տասնյակը» նախագահելու են Բելառուսն ու Ղազախստանը։

Ինչևիցե՝ իրավական դիտանկյունից Ուկրաինան չի անդամակցել ԱՊՀ-ին, քանի որ չէր վավերացրել կառույցի կանոնադրությունը, «դե-յուրե» մինչ վերջերս հանդիսանալով միայն դիտորդ, նկատեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի Անկախ պետությունների համագործակցության երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Գուսևը: «Քաղաքական առումով որևէ խոչըդոտ չկա ԱՊՀ կազմից Ուկրաինայի դուրս գալու առումով, քանի որ այդ երկիրը, հանդիսանալով համահիմնադիր, այնուամենայնիվ  չի եղել կառույցի անդամ: Այս տեսանկյունից որևէ քաղաքական ընթացակարգային բարդություն չկա: Իսկ տնտեսական առումով պետք է հաշվի առնել, որ Ուկրաինան ակտիվորեն մասնակցում է համագործակցության տարածքում գործող ազատ առևտրի ռեժիմին»։

Փաստացի՝ Կիևը զրկվում է լուրջ տնտեսական հնարավորություններից և կրում է զգալի վնաս՝ լքելով ԱՊՀ-ն: Ըստ ռուսաստանցի փորձագետի հաշվարկների՝ միայն ուկրաինական իշխանությունների այս որոշման հրապարակումը 1 մլրդ եվրոյի վնաս հասցրեց, հետագայում այդ գումարը կհասնի 9 մլրդ եվրոյի: Ռուսաստանը  կկորցնի 2,5 մլրդ եվրո, Ղազախստանը՝ 1 մլրդ եվրո: Մի խոսքով՝ բավականին թանկ ապահարզան է ինչպես  Ուկրաինայի, այնպես էլ ԱՊՀ-ի համար: Հավելենք, որ գիտնականը չէր հաշվարկել Հայաստանի հնարավոր կարուստները:

Մյուս կողմից, ինչպես նկաստեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, ԱՊՀ-ն առանց Ուկրաինայի էլ կշարունակի գործել։ «Պարզ է, որ կպահպանվեն երկկողմանի համագործակցության ձևաչափի կապերը Հայաստանի և Ուկրաինայի միջև, ինչպես դա կատարվում է Վրաստանի պարագայում, որը նույնպես դորս եկավ ԱՊՀ- ից»,- ասաց։

Այնուհանդերձ, ըստ հայ փորձագետի, այս ապահարզանը կունենա տնտեսական հետևանքներ նաեւ Հայաստանի համար: Քաղաքական առումով հայ-ուկրաինական հարաբերությունները լարված են՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանի ռուսամետ քվեարկությունը Ղրիմի բանաձևի հարցում: Ալեքսանդր Մարկարովը նկատեց, որ ուկրաինական դեսպանը, ում վերջերս կանչել էին Կիև խորհրդակցությունների նպատակով, դեռ չի վերադարձել Երևան։

Քննարկմանը Ուկրաինայից մասնակցող «Փորձագիտական խորհուրդ» վերլուծական կենտրոնի տնօրեն, Բարեփոխական ակումբի նախագահ Իսկանդեր Խիսամովը նկատեց, որ իր երկրում ԱՊՀ-ն նույնականացվում  է Ռուսաստանի հետ։ «Հարաբերությունները Ռուսաստանի հետ այստեղ ներկայումս դիտարկվում են որպես պատերազմ, Ղրիմի բռնազավթում: Այս պարագայում ԱՊՀ-ից և մասնավորապես Ռուսաստանից ոչ մի դրական սպասում չկա: Իսկ տնտեսական առումով հետևանքները իրոք շատ ծանր կլինեն, հատկապես՝ Ուկրաինայի արևելյան մարզերի համար, որտեղից արտադրանքը հիմնականում ուղղվում էր ԱՊՀ երկրներ»։

Ըստ ուկրաինացի փորձագետի՝ արդյունքում իր երկիրը տնտեսապես կունենա նոր անկում և Եվրպայի ածանցյալ դառնալու հեռանկար: Այս առումով Ուկրաինայի ԱՊՀ-ն լքելու որոշումը պայմանավորված է քաղաքական շահերով, հավելեց բանախոսը:

Back to top button