Հասարակություն

Առատ տեղումների մասին կանխատեսումները մարզպետարաններին հայտնել են 5 օր առաջ. Զարուհի Պետրոսյան

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Վերջին մի քանի օրերին մամուլը հեղեղված է եղանակի մատուցած անակնկալների մասին տեղեկատվությամբ, ինչն էլ մեծ հարված հասցրեց բազմաթիվ գյուղացիների տնտեսություններին: ԱՆ նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանի խոսքով` չնայած որ տարվա այս եղանակին ձյուն կանխատեսելը դժվար է, սակայն օդերևութաբանները վտանգավոր երևույթի կանխատեսումն արել են և դրա մասին մարզպետարաններին հայտնել 5 օր առաջ: Զարուհի Պետրոսյանը խոստովանել է, որ կանխատեսումների բարելավման խնդիրներ կան և դրանք շտկելու համար անընդհատ են աշխատում:

Թեև ապրիլը սովորաբար համարվում է տեղումնառատ ամիս, այնուամենայնիվ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնը կանխատեսում է, որ այս տարվա ապրիլին մայրաքաղաքում տեղումներն ու ջերմաստիճանը սպասվում են նորմայի սահմաններում: 

«Բացասական ջերմաստիճանի հավանականությունը շատ քիչ է, սակայն դա չի նշանակում, որ այդ երևույթների ռիսկերը մայրաքաղաքում չկան», նշեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նա տեղեկացրեց, որ արդեն վաղը՝ ապրիլի 4-ի գիշերը Երևանում կանխատեսվում է անձրև: Հանրապետության լեռնային շրջաններում տեղումները դեռևս կպահպանվեն է թաց ձյան տեսքով, ճանապարհներին կրկին մերկասառույց կլինի, առանձին հատվածներում բուք և ցածր տեսանելիություն:

«Առաջիկա գիշերը լեռնային շրջաններում կանխատեսվում է 7-ից 12 աստիճան ցուրտ, վաղը ցերեկը օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 6 աստիճան տաքության: Արարատյան դաշտում կանխատեսվում է մինչև 2 աստիճան տաքություն, իսկ վաղը ցերեկը առավելագույն ջերմաստիճանն արդեն կահսնի մինչև 15 աստիճան տաքության»:

Օդի տաք ջերմաստիճանը կպահպանվի նաև հաջորդ օրերին: Արարատյան դաշտի համար ռիսկային է ողջ ապրիլ ամիսը: Հայաստանում ապրիլ ամսին երբևէ գրանցված նվազագույն ջերմաստիճանի ցուցանիշները վկայում են, որ այս տարի ևս՝ մինչև ապրիլի 28-ը կարող է կրկին գրանվել զրոյից ցածր ջերմաստիճան և եղանակային տհաճ անակնկալների հավանականությունը Արարտյան դաշտում պահպանվում է:

Դե իսկ լեռնային և նախալեռնային շրջանների համար ռիսկային են ե’ւ ապրիլը, ե’ւ մայիսը, ե’ւ հունիսը, սակայն օդերևութաբանը հույս ունի, որ ցրտահարության դեպքեր, այնուամենայնիվ, նշված վայրերում չեն գրանցվի: Հաճախ օդերևութաբաններին մեղադրում են սխալ կանխատեսումներ անելու մեջ, մասնավորապես վերջին օրերին տեղացած առատ ձյան մասին: Մասնագետը խոստովանում է, որ կանխատեսումների բարելավման խնդիրներ կան և դրանք շտկելու համար անընդհատ են աշխատում: Իսկ տեղումնառատ ձյան մասին իրենք նախօրոք տեղեկացրել են մարզպետարաններին: Սակայն գյուղացու համար միևնույնն է, թե որ օղակն է թերացել:

Back to top button