Հասարակություն

Այսօր աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օրն է

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ապրիլի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում օրվա առթիվ ամեն տարի կազմակերպվում են իրազեկման տարատեսակ միջոցառումներ: Հերթական իրազեկման միջոցառումն է այսօր անցկացրել «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ը:

Աուտիզմը զարգացման նյարդաբանական բարդ խանգարում է: Այն ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Նյարդաբանակ այս խանգարումն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա` խոչընդոտելով սոցիալական հարաբերություններն ու հաղորդակցման հմտությունների զարգացումը:

Աշխարհում ներկայումս 88 երեխայից 1-ը տառապում է աուտիզմով: Հիվանդության պատճառը դեռ հայտնի չէ: Մասնագետների կարծիքով` հնարավոր է, որ այն կապված է գենետիկայի հետ: Վերջին տվյալներով` աուտիզմի ախտորոշումը ամեն տարի 10-17-ով աճում է: ՄԱԿ-ը ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր է հռչակել 2008-ին: Խնդիրն աուտիզմով հիվանդների կյանքը բարելավելու անհրաժեշտությունը շեշտադրելն է` օգնելով նրանց, որ վարեն լիարժեք ու բովանդակալից կանք:

Հայաստանում «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ը ստեղծվել է 2012 թվականին` ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի նախագահությամբ: Հիմնադրամի առաքելությունն է` օգնել աուտիզմով տառապող հայաստանցի երեխաներին` վարելու լիարժեք եւ բովանդակալից կյանք:Աշխարհի տարբեր երկրներում ապրիլի 2-ի գիշերը մի շարք շենքեր և կառույցներ լուսավորվում են կապույտ լույսով: Հայաստանը ևս միացել է այս նախաձեռնությանը եւ այսօր գիշերը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի կապույտ լույսով, ինչը աուտիզմով հիվանդների սիմվոլիկ գույնն է:

«Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ իրազեկման ակցիան մեկնարկեց Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից քայլարշավ` մինչև Ազատության հրապարակ: Այնուհետև Ազատության հրապարակում ներկայացվեցին աուտիզմ ունեցող երեխաներին նվիրված երգեր, ինչպես նաև կազմակերպվել էր նկարների բացօթյա ցուցահանդես:

Նշենք, որ ազգային Հիմնադրամին տրամադրվել է դպրոցի շենք, որտեղ գործում է աուտիզմով տառապող երեխաների կենտրոն: Մոտ 8 տասնյակ երեխա է այստեղ հաճախում: «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ի տնօրեն Լիլիթ Աթաջանյանի խոսքով` կենտրոն հաճախողների թիվն ավելացել է:

Հիշեցնենք, որ Հայաստանում աուտիզմով հիվանդ երեխաների բուժումն ու վերականգնումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում մի շարք բժշկական հաստատությունների և իրենց մարզային մասնաճյուղերի միջոցով: Աուտիզմի հիմնախնդիրը ներառված է նաև ՀՀ կառավարության կողմից հաստատված Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման 2010-2015 թթ. ռազմավարության մեջ:

Back to top button