Հասարակություն

Քննարկվել է Հայաստան — ԵՄ համագործակցությունը

Աշխատանքային այցով նախօրեին Բրյուսել մեկնած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյնդերսի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովի մասնակցության հրավերն ընդունելու համար՝ ընգծելով այդ միջոցառմանը Հայաստանի մասնակցության կարևորությունը։

Հայաստանի և Բելգիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, անդրադարձել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առավել ակտիվացման ուղիներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան — Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ։ Նախարարների ուշադրության կենտրոնում են եղել միջազգային օրակարգի հարցերը՝ ուկրաինական ճգնաժամը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները, Սիրիայում վատթարացող հումանիտար իրավիճակը։ Էդվարդ Նալբանդյանը՝ բելգիացի գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը:

 

Back to top button