Հասարակություն

Քեսաբում դեռ 30-ից 40 հայ է մնացել

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Քեսաբի իրադարձությունների մասին թարմ եւ հավաստի տեղեկություններ հաղորդելու նպատակով այսօր լրագրողների հետ հանդիպել են քեսաբահայ եղբայրներ Սերժ եւ Արամ Քալուգյանները: Քալագյան եղբայրներն արդեն չորրորդ տարին է, ինչ բնակվում են Հայաստանում, բայց Քեսաբում մնացել էին նրանց ծնողներն ու հարազատները: Նրանք բոլորն էլ հասցրել են անվնաս տեղափոխվել եւ եղբայրների փոխանցած թարմ տեղեկությունները հենց նրանցից են: Ի դեպ` թե’ Սերժը եւ թե’ Արամը հույս ունեն, որ ամռանը կրկին կկարողանան գնալ Քեսաբ, ինչպես դա անում էին վերջին 4 տարվա ընթացքում:

Սիրիայի հայաշատ Քեսաբ քաղաքում դեռ մնացել է 30-ից 40 հայ, որոնց մասին տեղեկություն չկա, ասում է քեսաբահայ Սերժ Քալուգյանը: Համացանցում պարբերաբար հայտվող ահասարսուռ նկարները եւ տեսագրությունները, իբր գլխատված եւ սպանված հայերի մասին, իրականությանը չեն համապատասխանում: Քեսաբահայ եղբայրներն այսօր հավաստիացնում էին. այդ քաղաքի հայ համայնքում զոհեր չեն եղել, եղել է մի քանի վիրավոր: Թուրքական զորքերի հարձակումից հետո քեսաբահայերը հասցրել են տեղափոխվել Լաթաքիա:

Խոսքը մոտ 670 ընտանիքի կամ մոտ 2 հազար մարդու մասին է: Այս մեկ շաբաթվա ընթացքում նրանց նաեւ տրամադրվել են կացարաններ եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ, քանի որ շատերը պարզապես փախել են տներից ինչպես որ հասցրել են` առանց որեւէ իր վերցնելու: Թե ինչու են համացանցում տարածվում կեղծ տեղեկություններ, քեսաբահայերը չեն հասկանում:

Ամեն դեպքում քեսաբահայ երիտասարդների ներկայացմամբ` անգնահատելի է այն շարժումը, որն այսօր համախմբել է ողջ աշխարհի հայերին: Դա նաեւ դրական նշանակություն ունի: Եղբայրներն այսօր իրենց հետ բերել էին նաեւ լուսանկարներ Քեսաբից եւ Լաթաքիայից: Ու չնայած սրան քեսաբահայերը դեռեւս հույս ունեն, որ երբեւէ կվերադառնան իրենց բնակավայր, թեկուզ եւ համոզված են, որ այն այլեւս խաղաղ անկյուն չի լինելու:

Back to top button