ԿարևորՔաղաքական

Դատապարտումը խնդրի լուծում չէ. Սփյուռքի նախարարը սպասում է կոնկրետ քայլերի

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

 ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր տեղի է ունեցել Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Փոխելով նախապես որոշված օրակարգը` ՀՀ Փփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկել է առաջին հերթին քննարկել Քեսաբում տեղի ունեցած դեպքերն ու քեսաբահայության հիմնախնդիրերը:

Սիրիայում արդեն 3 տարի ընթացքող պատերազմը վերջին շրջանում նոր երանգ է ստացել, քանի որ դարձել է էթնիկ և կրոնական ավելի մեծ բախումների թատերաբեմ, ինչի արդյունքում Թուրքիայի կողմից զինյալները  ներխուժել են հայաբնակ Քեսաբ: Հիշեցնենք, որ Քեսաբ ավանի վրա Թուրքիայի տարածքից հարձակում էր սկսվել մարտի 21-ին։ Քեսաբի ողջ հայությունը՝ ավելի քան 600 ընտանիք, տարհանվել էր և տեղափոխվել 60 կմ հեռավորությամբ գտնվող Լաթաքիա նավահանգստային քաղաք ու տեղավորվել հիմնականում Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում։

Օրերս էլ Լաթաքիա էին այցելել և քեսաբահայությանը հանդիպել ՀՀ ԱԺ պատվիրակությունը` տեղում պարզելու, թե ինչ է իրականում կատարվել մեր հայրենակիցների հետ: Ինչպես հայտնեց պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ցանկացած մարդ, որ կայցելի Լաթաքիայի Սուրբ Աստվածամայր եկեղեցում ապաստան  գտած մեր հայրենակիցներին, առաջին տպավորությամբ կհիշի ցեղասպանության մասին պատմությունները։

Հաշվի առնելով տեղի ունեցածը՝ Սամվել Ֆարմանյանը նկատեց, որ անելիքներն իրոք շատ են, բայց առանձնացրեց այն կարևորագույն քայլերը, որոնք պետք է արվեն։ «Առաջին տեղում մենք պետք է գործի դնենք մեր քաղաքական, դիվանագիտական բնույթի ձեռնարկները: Մենք պետք է ամբողջ աշխարհին տեղեկացնենք տեղի ունեցածի անթույլատրելիության մասին և ակնկալենք դատապարտող տարատեսակ հայտարարություններ»,- ասաց։

Որպես երկրորդ կարեւոր քայլ Սամվել Ֆարմանյանն առանձնացրեց նյութական և ֆինանսական, ինչպես նաև բարոյական  աջակցությունը քեսաբահայությանը: Կարևորագույն քայլերից ԱԺ պատգամավորն առանձնացրեց նաև լուրջ աշխատանքը տեղեկատվական դաշտում, որպեսզի խուսափենք իրադարձությունների ուռճացված նկարագրությունից։ «Տեսառեպորտաժներ եղան, որոնք սուտ լուրեր են տարածում՝ կապված քեսաբահայության հետ տեղի ունեցածի հետ: Քեսաբահայության տարհանումը կատարվել է կազմակերպված ձևով, նրանք բոլորը Լաթաքիայում են, մի մասն իրենց բարեկամների տանը, մեծ մասը՝ եկեղեցու և դպրոցի բակում: Ընդհանուր առմամբ՝ մոտ 30 քեսաբահայեր, ովքեր տարբեր պատճառներով՝ հիմնականում տարիքի բերումով, չեն ցանկացել կամ չեն կարողացել տարհանվել, մնացել են Քեսաբում։ Այսօր տիկին նախարարը (Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը. խմբ.) հեռախոսազրույց է ունեցել իրենց քաղաքապետի հետ և նրանց մի մասը արդեն բանակցություններից հետո հետ է վերադարձվել»,- ասաց Սամվել Ֆարմանյանը։

Նկատելով, որ վերջին 3 տարիներին ահ ու սարսափի մեջ են ապրում ոչ միայն քեսաբահայերը, այլև ողջ սիրիահայաությունը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Սիրիայում ծավալված պատերազմի հետևանքով զոհվել է 72 հայ, կան հարյուրավոր վիրավորներ ու հայաբնակ տարածքներից տեղահանված բազմաթիվ  հայրենակիցներ: «Քեսաբի հետ կապված իրադարձությունները իրոք շատ ողբերգական էին և ամբողջ հայության խնդիրն էր: Քեսաբը որպես շատ լուրջ ազդակ պետք է ամբողջ հայ ժողովուրդը բռունցքվի, կազմակերպվի և պայքարը շարունակի աշխարհի բոլոր հարթակներում»։

Դատապարտումը մենք չենք համարում խնդրի լուծում: Դատապարտումը ընդամենը հայտարարություն է, որից հետո մենք պետք է միջազգային կառույցներից պահանջենք կոնկրետ քայլեր, նշեց Սփյուռքի նախարարը:

 

Back to top button