Մշակույթ

Քեսաբցին չի կարող ապրել առանց իր լեռների

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Եղել եմ աշխարհի տարբեր հայկական գաղթօջախներում, աշխատել Սփյուռքի տարբեր հայկական թատրոնների հետ, այնպիսին, ինչպիսին Հալեպի հայկակակն գաղութն է, գոյություն չունի», այսօր ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը, ով 18 տարի շարունակ, տարվա 3-4 ամիսն անցկացրել է Սիրիայում, բեմադրել ներկայացումներ  Հալեպի հայկական թատրոնում «Կարծեք հայերի երկրորդ հայրենիքը լինի։ Սիրիան էլ չափազանց լավ է վերաբերում մեր հայրենակիցներին: Եկան «Մահմեդական եղբայները՝ համը հանեցին»,- ասում է։։

Թուրքիայի սահմանից Սիրիա ներխուժած ահաբեկիչների գազանությունները Քեսաբում Ծատուրյանին ակամա հիշեցրել են Սարոյանի խոսքերը. «Առանձին- առանձին ես սիրում եմ մարդուն, սիրում եմ անհատին, որովհետև անհատն ընդունակ չէ գազանության: Գազան է դառնում ամբոխը»: Արվեստագետին խոցում է և այս գազանությունը և հայկական խեղճությունը։

Հանրապետության վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանի համոզմամբ՝ խնդիրը նախ և առաջ դիվանագիտական է. հայ դիվանագիտությունը պետք է օգտագործի բոլոր հնարավոր միջոցները Քեսաբի հայության խնդրին աշխարհի ուշադրությունը սևեռելու համար։ Նկարիչը կարեւորոմ է այս նպատակավ իրականացված բոլոր քաղաքացիական ակցիաները, բողոքի ցույցերը՝  Հայաստանում և Հայաստանից դուրս։ «Տեղեկացա,  որ ԱՄՆ- ը և Ռուսաստանը հայտարարություններով են հանդես եկել, բայց թուրքի համար հայտարարությունն ի՞նչ է»։

«Կորցնել Քեսաբը, կնշանակի կորցնել մեր պատմության մի մասը։ Սա այն տարածքն է, որտեղ հայերը լավագույնս պահպանում են իրենց ավանդույթներն ու ազգային տեսակը»,- ասում է Հաղթանակ Շահումյանը, իսկ Նիկոլայ Ծատուրյանն առավել քան համոզված է, որ «քեսաբցին ամեն ինչ կանի վերադառնալու համար, որովհետև  առանց իր լեռների նա ապրել չի կարող»։

Back to top button