Հասարակություն

Վիրավորանքի ու զրպարտության դեմ օրինագիծը միանշանակ չի ընդունվում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այն դեպքում, երբ հարեւան պետություններում տարբեր քաղաքական խնդիրներով պայմանավորված փակվում են համացանցի սոցիալական կայքերը եւ լրատվամիջոցները, այսօր Հայաստանի խորհրդարանը ձեռնամուխ է եղել նոր ձեւով կարգավորել լրագրողների աշխատանքը: «Վիրավորանքը եւ զրպարտությունը համացանցում. առկա հիմնախնդիրները եւ առաջարկվող օրենսդրական լուծումները» թեմայով խորհրդարանական լսումներին, սակայն, այսօր պարզվեց, որ նախագիծը փորձելու է կարգավորել ոչ միայն լրատվամիջոցների աշխատանքը, այլեւ` ձեւակերպումներից հասկանալի է դառնում, որ տեսականորեն խնդիրներ են առաջանալու նաեւ սոցիալական ցանցում ակտիվ օգտատերերի համար:

Խոսքն ինչպես անանուն աղբյուրին հղումով լուրեր տարածելու, այնպես էլ համացանցում հոդվածներից հետո օգտատերերի կողմից թողած մեկնաբանությունների մասին է: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասում է. լրագրողական կազմակերպությունները կարծում են, որ այսպիսի օրենքն ընդհանրապես պետք է հանվի շրջանառությունից։

Կազմակերպված խորհրդարանական քննարկումների ժամանակ նշված հանդուրժողականության բացակայությունը կրկին նկատվում էր, քանի որ հնչող քննադատություններին օրենքի համահեղինակները հանգիստ չէին վերաբերվում: Օրինակ` ԲՀԿ խմբակցության քարտուղար եւ նախկին լրագրող Նարա Զոհրաբյանը նմանատիպ օրենք մշակելու անհրաժեշտության մասին խոսելիս վկայակոչեց նույն  անանուն աղբյուրները, ինչի դեմ էլ փորձում է օրինագծով պայքարել։

Հակառակ այս հայտարարությանը, սակայն, ոչ մի լրագրող, լրատվամիջոցի ներկայացուցիչ կամ խմբագիր այդպես էլ բարձրաձայն չհայտարարեց, որ պատգամավորներին դիմողներից մեկն ինքն է: Փոխարենը` Նաիրա Զոհրաբյանի գործընկեր` թե խորհրդարանում եւ թե լրատվական դաշտում, Մարգարիտ Եսայանը անկեղծորեն զարմանում է՝ նշելով, որ դեմ է օրինագծին։ 

Օրինագիծը շրջառանությունից ընդհանրապես հանելու առաջարկները խորհրդարանականների կողմից ընդհանրապես չեն քննարկվում: Գրեթե բոլորը համակարծիք են, որ վիրավորանքը եւ զրպարտությունը պետք է պատժվի: 

Back to top button