Միջազգային

«Սիրո քաղաքի» խորհրդանիշն այսօր նշում է իր ծննդյան 125 ամյակը

Աշխարհի ամենահայտնի աշտարակը, որը կառուցվել է 1989թ. համաշխարհային ցուցահանդեսի բացման կապակցությամբ, այսօր նշում է իր 125 ամյակը: Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, առաջին այցելուներն աշտարակ են բարձրացել նույն տարվա մայիսի 15-ին։ Աշտարակն իր անունը ստացել է ճարտարապետ Գյուստավ Էյֆելից, ում նախաձեռնությամբ շինարարական աշխատանքները տեւել են 26 ամիս։ 300 մ բարձրությամբ աշտարակը եղել է այն ժամանակ ամենաբարձր շինությունն ու այդ ռեկորդը պահել է մինչ 1931թ.։ Ներկայում այն Փարիզի ամենաբարձր շինություններից է ու համարվում է «սիրո քաղաքի» խորհրդանիշը։

18.000 մետաղական դետալներից բաղկացած աշտարակը կշռում է 7.300 տոննա։ Այն ունի 3 հարկաշարք՝ 60, 140 և 275 մ բարձրության վրա, որտեղ այցելուները կարող են բարձրանալ ինչպես աստիճանների, այնպես էլ վերելակների օգնությամբ։ Միաժամանակ աշտարակի վրա կարող է գտնվել 10.400 մարդ։ 20-րդ դարի սկզբին Էյֆելյան աշտարակն օգտագործվել է ռադիոազդակների փոխանցման համար։ 1903թ. աշտարակից անցկացվել է հեռագրային կապի առաջին սեանսը, իսկ 1921թ.՝ դրանից հեռարձակել են ռադիոհաղորդումներ, 1935թ.՝ հեռուստահաղորդումներ։

Այսօր աշտարակն օգտագործում են հեռուստառադիոկայաններն ու բջջային օպերատորները։ Հուշարձանի տեսքը պահպանելու ու այն ժանգոտումից պաշտպանելու համար ամեն 7 տարին մեկ օգտագործվում է 57 տոննա ներկ։Ներկայում Էյֆելյան աշտարակն աշխարհի ամենաակտիվ զբոսաշրջային կենտրոններից է, որը 1889թ. մինչեւ օրս այցելել է 250 մլն մարդ։ 2012թ. աշտարակը գնահատվել է 435 մլրդ եվրո՝ դառնալով Եվրոպայի ամենաթանկ կառույցը։

Back to top button