Սահմանադրական դատարանն անցավ խորհրդակցական սենյակ. կենսաթոշակայինի որոշումը սպասվում է վաղը


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Սահմանադրական դատարանը երկօրյա քննարկումից հետո անցել է խորհրդակցական սենյակ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականությունը որոշելու համար։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն իր ամփոփոիչ խոսքում ակնարկել է, որ քննարկվող նյութի ծավալը նկատի ունենալով ՝ վճռի կայացումն այսօր ակնկալելն իրատեսական չէ:
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2014/03/310314SD.mp3
Հնարավոր համարո՞ւմ եք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի գործադրումը 1-2 տարով հետաձգվի, իսկ այդ ընթացքում իրավական մեխանիզմները շտկումների ենթարկվեն, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին այսօր «կուտակային կենսաթոշակների մասին » օրենքի 8 հոդվածների սահմանադարականությունը վիճարկող դիմումի քննության ժամանակ հարցրեց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը։ Ըստ Արտեմ Ասատրյանի՝ կառավարությունը հետաձգման կողմնակից չէ։ «Մենք արդեն ուշացել ենք, և ևս որոշակի ժամանակահատված հետաձգելը ավելի ծանր իրավիճակի կհանգեցնի: Այդ առումով, կարծում եմ, ունենք հնարավորության պատուհան, որը պետք է օգտագործենք՝ իրականացնելու այս բարդ բարեփոխումը»:
Ֆելիքս Թոխյանի հարցերից մեկն էլ ԿԲ փոխնախագահին էր ուղղված. որ լիազորության շրջանակում բանկն իրեն իրավունք վերապահեց հանդես գալ հայտարարությամբ և ըստ էության մեկնաբանել ՍԴ որոշումը: Հիշեցնենք` օրենքի 2 հոդվածների գործողության կասեցման վերաբերյալ ՍԴ որոշման ընդունումից հետո Կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ, որով կուտակային բաղադրիչի մասնակիցներին հիշեցնում էր , որ պարտադիր վճարներ կատարելու պարտականությանը վերաբերող դրույթները կասեցված չեն, նաև զգուշացնում. «վիճարկվող դրույթների՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները, թերևս, ավելի ծանր կլինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը»:
«Ինձ ուղղակի ասեք, թե որտե՞ղ է գրված, որ դուք նման լիազորություն ունեք»,- ասաց Ֆելքիս Թոխյանը։ Ներսես Երիցյանը վստահեցրեց, որ ԿԲ-ն Սահամանադրականի որոշումները մեկնաբանելու իրավուք իրեն չի վերապահել, պարզապես հայտարարել է. «Ուղղակի այդ իրավիճակում մեր ենթադրությունների արդյունքում նման հայտարարություն ենք արել` իրավիճակը ինչ-որ ձևով կարգավորելու համար, որն ընդամենը հայտարարություն էր, և պարտադիր բնույթ չուներ»:։ Չնայած կրում ենք մեր հայտարարության պատասխանատվությունը, ավելացրեց ԿԲ ներկայացուիչը:
ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանն էլ ԿԲ ներկայացուցչին հիշեցրեց. աշխարհի շատ երկրներ բարեփոխումների գործարկումից հետո ստիպված են եղել կասեցնել այն։ «Հայաստանյան իրականության մեջ նման սցենարը բացառո՞ւմ ենք։ Եթե՝ ոչ, ապա ԿԲ-ն իրեն իրավական պատասխանատու կհամարի՞ նման ձախողման համար»։
«Ես իմ անունից կարող եմ հայտարարել ՝ ամբողջությամբ պատասխանատու եմ այն ամենի համար, ինչ ներկայացնում եմ»: Ի դեպ՝ այս դիտարկումը մեզ հետ զրույցում առնվազն տարակուսելի համարեց դիմող կողմի ներկայացուցիչներից փաստաբան Արտակ Զեյնալյանը: «Անձամբ պատասխանատու եմ՝ ասում է պատասխանող կողմի ներկայացուցիչը: Ես էլ հարցնում եմ՝ ո՞ւմ է պետք ձեր անձնական պատասխանատվությունը 40 տարի հետո»։
2014 թ.- ի հունվարի 1- ի դրությամբ Հայաստանում միայն 155 մարդ է պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարչի ընտրություն կատարել: Գագիկ Հարությունյանի «ինչո՞ւ» հարցին, Ներսես Երիցյանը պատասխանեց՝ համակարգի ներդրման օրինաչափությունները վկայակոչելով՝ դա պայմանավորված է համակարգի բարդությամբ և նույնիսկ զարգացած երկրներում` ֆինանսական գիտելիքների պակասով։ Նշեց նաև, որ հենց այդ պատճառով էլ համակարգը նախատեսել է «լռելյայն ընտրության տարբերակը»։ Այսինքն՝ տարբերակը, երբ մարդը որևէ գործողություն չի անում, ապա համակարգը նրա փոխարեն է ընտրություն կատարում։ Ի դեպ՝ այսօր նշվեց, որ մարտի 27-ի դրությամբ 5 337 մարդ ֆոնդի ընտրություն է կատարել, իսկ 127 հազար մասնակցի օգտին գործատուների կողմից կատարվել են փոխանցումներ։
Բոլոր պարզաբանումներից, բացատրություններից ու պատասխաններից հետո կողմերըւ հանդես եկան եզրափակիչ ելույթներով: Դիմող կողմը, ամփոփելով մոտ երկու օր տևած քննարկումը. արձանագրեց. պատասխանող կողմը օրենքի վիճարկվող դրույթների հակասահմանադրականության վերաբերյալ հակափաստարկներ չբերեց։ «Որևէ հակափաստարկ չհնչեց, որևէ փաստարկ, որը կառարկեր մեր կողմից ներկայացված իրավունքների խախտման հիմնավորումները, չի ներկայացվել»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը` ընդգծելով, որ դիմումում նշված իրենց պնդումները ուժի մեջ են։
Քննության ընթացքում շատ խոսվեց միջազգային փորձի ու տարբեր երկրներում գործող մոդելների մասին, նշվեց, որ չկա որևէ երկիր, որը նույնությամբ կիրառած լինի այն մոդելը, որը Հայաստանում է նախատեսվում։ «Իսկապես չկա: Ոչ թե այն պատճառով, որ մենք առանձնահատուկ ենք, կամ մեր սոցիալ- տնտետսական ցուցանիշներն են առանձնահատուկ, այլ այն պատճառով, որ որևէ երկրում խելամտության վարքագծի շրջանակներում նման ռիսկային մոդել չի կարող ներդրվել»:
Հենց այս մոտեցմամբ էլ դիմող կողմը մնում է նույն կարծիքին և պնդում այն պահանջը, որով ՍԴ են դիմել: «Պարտադիր կուտակային բաղադրիչն այն տեսքով, որով ներդրվել է, հակասում է Սահմանադրության հիմնարար արժեքային համակարգին»:
Պատասխանող կողմն էլ շարունակում է պնդել իր մոտեցումը. օրենքը շտկումների կարիք ունի, բայց Սահմանադրության հետ հակասության մեջ չէ։ Այս կարծիքը մասնավորապես մեզ հետ զրույցում պնդեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: «Մեր բոլոր փաստարկները մենք ներկայացրեցինք: Բնականաբար՝ սահմանադրական որևէ նորմի հետ կապված խնդիր չենք տեսնում»։
Երկօրյա քննարկումից հետո ՍԴ անդամները խորհրդակցական սենյակում են: Վճիռը սպասվում է վաղը: