

լրացված է ժամը 17։24
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
ՍԴՀԿ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ Թուրքիայի բանտում գտնվող, առևանգված 20 հայերից 3-ին այսօր, կեսօրից հետո ազատ են արձակելու: «Հայացք» մամուլի ակումբում նա ասել է, որ այն, ինչ կատարվեց Քեսաբում, ոչ միայն պետք է դատապարտվի Հայաստանի արտգործնախարարության կողմից, այլև պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի միջազգային կառույցները դատապարտեն կատարվածը։
Քեսաբի դեպքերից առաջ քեսաբահայ երիտասարդները նախապես իմանալով ահաբեկչության վտանգի մասին արագ տարհանել են մոտավորապես 650 հայ ընտանիքների, այդ երիտասարդներին ՍԴՀԿ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանն այսօր հերոսներ անվանեց, քանի որ հենց նրանց շնորհիվ էր, որ որևէ հայ չսպանվեց Քեսաբում, սակայն 20 քեսաբահայեր` հիմնականում 80-ն անց տարեցներ, առևանգվել են։
ՍԴՀԿ փոխատենապետն այսօր վստահեցրեց, որ հավաստի տեղեկությունների համաձայն Թուրքիայի բանտում գտնվող առևանգված հայերից 3-ին՝ 90- ամյա Ստալին պապիկկ, տեր եւ տիկին Հակոբ Խաչատրյաններն այսօր ազատ են արձակել, նրանք արդեն հասել են Լաթաքիա։
Կան էլի տեղեկություններ, որոնց մասին նա գերադասեց լռել առայժմ, որպեսզի չվնասի վտանգի մեջ գտնվող հայերին։ Ահաբեկիչները, ովքեր «Ալ Քաիդայից» են ու որոնց խմբում չեչեններ, աֆղաններ, թուրքմեններ ու ադրբեջանցիներ են, օգտվելով քեսաբահայերի տներում թողած բջջայիններից, ահազանգում են հեռախոսհամարներով ու սպառնում մարդկանց։ Այն, ինչ կատարվեց ու կատարվում է, հեղափոխություն չէ , այլ ահաբեկչություն է, ասաց ՍԴՀԿ փոխատենապետը՝ կոչ անելով Հայաստանի արտգործնախարարությանը միջոցներ ձեռնարկել, որպեսզի միջազգային կառույցները դատապարտեն կատարվածը:
Նա ասաց, որ կուզեր, որպեսզի միջազգային կառույցները պատժամիջոցներ կիրառեին Թուրքիայի նկատմամբ, քանի որ այդ երկրի ուղղակի աջակցությամբ են ահաբեկիչները ներխուժել Քեսաբ։ Հայաստանից մի քանի օր առաջ պատգամավորների մի խումբ մեկնեց Լաթաքիա, հանդիպեցին Սիրիայի նախագահ Ասադի հետ, սակայն շարունակություն է պետք, քեսաբահայերն սպասում են աջակցության, ասաց:
Իսկ ի՞նչ տիպի աջակցություն է պետք. ՍԴՀԿ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը նշեց, որ Լաթաքիայում գործում է շտապ օգնության և վերականգնման կենտրոնը, որը հոգում է քեսաբահայերի կաիրքները, սակայն նրանց բնակության տեղ է հարկավոր, նրանք կորցրել են իրենց տները: Իսկ Արցախ տեղափոխվելու առաջարկը հույս է առաջացրել, որ քեսաբահայերը մենակ չեն իրենց դժվարությունների հետ: Դա օգնում է հաղթահարել դժվար իրավիճակը, որում հայտնվել են մեր հայրենակիցները, տեղեկացրեց Վազգեն Մեսրոպյանը:
Մեծ օգնություն է ցուցաբերում նաև Կիլիկիո կաթողիկոսությունը՝ ի դեմս Արամ Ա կաթողիկոսի: Նա հույս ունի, որ Սիրիայի բանակը շուտով կազատագրի ահաբեկիչների հսկողության տակ գտնվող շրջանները։