Հասարակություն

Թուխմանուկի պոչամբարին դեմ են մոտակա գյուղի բնակիչները, ասում են բնապահպանները

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Օրերս Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքում անցկացվեցին հանրային լսումներ, որտեղ գյուղացիները ընդդիմացան մերձագայքում գործող  Թուխմանուկի ոսկու հանքավայրի նոր պոչամբար բացմանը: Ըստ բնապահպանների՝ նախկինում պոչամբարների շահագործման արդյունքում այստեղ տիրում է խայտառակ բնապահպանական և առողջական իրավիճակ։

Թեպետ համայնքի տարածքում գործում է արդյունաբերական ձեռնարկություն, այնուամենայնիվ այնտեղ տիրում է բավականին մտահոգիչ պայմաններ, այսօր վկայեց լսումների մասնակից, էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Գրետա Գաբրիելյանը: Գյուղացիներին մտահոգել է հանքավայրի շահագործման արդյունքում ստեղծված իրավիճակը, ինչը ստիպել է նրանց ընդդիմանալ դրա ընդլայնմանը:

Ի հայտ եկած բնապահպանական և առողջական խնդիրները առաջացել են վերջին տարիներին բացված պոչամբարների շահագործման արդյունքում: Հիմա անհրաժեշտություն է ծագել նոր պոչամբարի՝ 6-7 հա տարծքով: Գրետա Գաբրիելյանը ցավով արձանագրեց, որ հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական եզրակացությունները, տրված պատկան մարմինների կողմից, շատ հաճախ կրում են իմիտացիոն բնույթ, դրանց հեղինակները շատ հաճախ չեն էլ ծանոթանում տեղանքին և կատարվող աշխատանքների ընթացքին:

Նոր պոչամբարի պարագայում թերևս նման ձևական մոտեցում չի իրականացվի՝ շնորհիվ լայն հասարակական հնչեղության: Բնապահպանը հույս հայտնեց, որ ներկայացված նախագիծը կստանա բացասական եզրակացություն։ Եթե նախկինում հանքը շահագործվում էր փակ եղանակով, ապա վերջին տարինիներին աշխատանքները տարվում էին բաց, օգտագործված պոչամբարներն էլ ռեկուլտիվացված չեն, ինչի արդյունքում ի հայտ եկան աղետալի հետևանքներ:

Բնապահպանները առաջարկում են հարցի շուրջ անցկացնել նաև խորհրդարանական լսումներ՝ ոլորտում չարաշահումներից խուսափելու համար:

Back to top button