Հասարակություն

Ապրիլի 2-ը՝ աուտիզմի իրազեկման համաշխարհային օր

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

2008 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ապրիլի 2-ը հռչակել է աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Օրվա առաքելությունն է  բարձրաձայնել աուտիզմով հիվանդների կյանքը բարելավելու անհրաժեշտությունը` օգնելով նրանց վարել լիարժեք և բովանդակալից կյանք: Յուրաքանչյուր տարի աուտիզմի հարցերող զբաղվող կազմակերպությունները իրենց պետությունների աջակցությամբ կազմակերպում են տարատեսակ միջոցառումներ և քննարկումներ` աուտիզմի մասին իրազեկումը հասարակության շրջանում բարձրացնելու նպատակով: Մեր երկրում ապրիլի 2-ին  քաղաքապետարանի մոտից կմեկնարկի  երթ` նվիրված աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան: Քայլարշավը կավարտվի Ազատության հրապարակում, որտեղ էլ կկազմակերպվի միջոցառումների շարք:

 http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2014/03/AIDA-31.mp3

Աուտիզմ, զարգացման բարդ խանգարում, որը երեխայի մոտ  ի հայտ է գալիս կյանքի առաջին երեք տարիների ընթացքում և համարվում է նյարդաբանական  խանգարում, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա, խոչընդոտում սոցիալական հարաբերությունների և հաղորդակցվելու հմտությունների զարգացմանը:

Մեր հանրապետությունում չկա վիճակագրություն, թե որքան մարդ է տառապում այս հիվանդությամբ, սակայն աշխարհում այսօր 88 երեխայից 1-ի մոտ ախտորոշվում է աուտիզմ, ասում է Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի հիմնադիր Այր Հեյլ Վեյլը:    Ուսումնասիրությունները շարունակվում են պարզելու հիվանդության պատճառները, սակայն մինչ օրս այն չի բացահայտվել: Աուտիզմը ավելի շատ հադիպում է տղաների մոտ, քան աղջիկների:

«Պատահում է, որ ընտանիքում, երբ ծնվում  է աուտիզմով երեխա, ծնողները մեկը մյուսին են մեղադրում: Հիվանդության պատճառները պարզ չեն: Դա գենետիկական է,  թե՝ ոչ, նույնպես պարզ չէ:  Իսկ եթե պարզ լիներ՝ կլիներ նաև բուժում»:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աուտիզմով երեխաները ծնվում  են այն ընտանիքներում, որտեղ զույգերի մոտ նկատվում է հիվանդությունը, նշում է արտասահմանցի բժիշկը և տեղեկացնում, որ այն ընտանիքներում, որտեղ  ծնվում է նման երեխա,  հավանականությունը մեծ է,  որ հաջորդ ծնունդը նույնպես հիվանդ կլինի:

«Շատ մասնագետներ մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի կարողանան աուտիզմն ախտորոշել  ինչքան հնարավոր է շուտ, նույնիսկ հղիության ընթացում, քանի որ  բժշկական վաղ միջամտությունները կտան իրենց արդյունքները»:

Բժշկի խոսքով` երեխայի մոտ հիվանդության ախտանիշերը կարող են նկատվել դեռևս 18 ամսական հասակում և այդ ընթացքում փոքրիկները ստանում  է մի քանի պատվաստում, ինչն էլ որոշ չափով կապված է աուտիզմի հետ: Սակայն բժիշկը  միաժամանակ նշում է, որ դրանք չստանալը նաև վտանգավոր է երեխայի համար:

Հայաստանում  գործում է աուտիզմով տառապող երեխաների կենտրոն, որտեղ փոքրիկներն ստանում են կրթաթերապևտիկ ծառայություններ: Դպրոցը տարածաշրջանում միակն է, որը շաբաթական մատուցում է 40 ժամ հատուկ թերապիա դասընթացներ` առաջատար, միջազգային ստանդարտներին համապատասխան մեթոդներով:  Կենտրոն այսօր այցելում է  85 երեխա: Արդյուքները տեսանելի են, ասում է «Աուտիզմ հաղթահարում» ՀԿ նախագահ  Հասմիկ Մարգարյանը:

Աշխարհի տարբեր երկրներում ապրիլի 2-ի գիշերը «կապույտ լույս վառենք» նախաձեռնության շրջանակներում, տարբեր շենքեր ու կառույցներ լուսավորվում են կապույտ լույսերով` հասարակության ուշադրությունն աուտիզմի խնդիրների շուրջ գրավելու համար: Այս տարի Հայաստանը նույնպես միացել է նախաձեռնությանը և ապրիլի 2-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի կապույտով:  

Back to top button