Հասարակություն

Ազգային փոքրամասնությունները դատարապարտում են Քեսաբի վրա հարձակումը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Քեսաբում տեղի ունեցած ողբերգության և ընդհանրապես ազգային փոքրամասնությունների դեմ զինված գործողությունների վերաբերյալ իրենց բողոքն են բարձրացրել Հայաստանի ազգային փոքրամասնությունները: Ազգային փոքրամասնույթւոնների ներկայացուցիչներն այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որով ոչ միայն դատապարտում են տեղի ունեցածը, այլև պահանջում են անմիջապես դադադարեցնել բոլոր տեսակի զենքերի մատակարարումն ու ֆինանսական աջակցությունը ապստամբներին՝ մինչև նրանց կողմից խաղաղ բնակչության վրա հարձակումների դադարեցումը:

Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 21-ին, ընդամենը շարունակությունն է այն քաղաքականության, որ սկսվեց հայ ժողովրդի դեմ դեռևս 1915 թվականին՝ անդրադառնալով Քեսաբում տեղունեցած դեպքերին, նկատեց Հայաստանի հույների «Պատրիդա» ՀԿ  նախագահ Էդուարդ Պոլատովը: «Ուշագրավն այն է, որ անգամ 100 տարի անց,  մինչ Թուրքիան խոստանում է հավերժ բարեկամություն և փորձում հավաստիացնել, որ իրենք իրենց նախնիների արարքների հետ որևէ կապ չունեն, և որ ներկայիս թուրքերը չեն կարող պատասխան տալ 20 դարասկզբին տեղի ունեցած հանցագործության համար, նրանք պարզապես հերթական անգամ ապացուցեցին, որ հենց իրենք էլ պատասխանատու են իրենց նախնիների հանցագործության համար: Նրանք չունեն ապագա, քանի որ մարդասպան ազգ են: Եվ միայն լիարժեք և անկեղծ զղջումից հետո հնարավոր կլինի ինչ- որ չափով մեղմել իրենց ապագա սերունդների բեռը»:

Քեսաբում տեղի ունեցածն անհանգստացրել է Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնություններին: Դա է պատճառը, որ Հայաստանի քրդերը, ասորիներն ու հույները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով ոչ միայն դատապարտում են տեղի ունեցածը, այլև պահանջում են դադարեցնել զենքի բոլոր տեսակների մատակարարումը Սիրիայի ապստամբներին: Ներկայացնելով իրենց հայտարարությունը` Հայաստանում ազգային փոքրամասնությունների մշակույթի կենտրոնի տնօրեն, հանրապետության վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևը նշեց, որ Թուրքիան մեծագույն պատմական հանցագործ է, որը ոչնչացրել է ոչ մեկ քաղաքակրթություն և մեղավոր լինելով ոչ միայն հայերի, այլև հույների, ասորիների, քրդերի, բուլղարացիների, սերբերի և այլ ժողովուրդների ցեղասպանության մեջ, պետք է կանգնի միջազգային հանրության և ժողովուրդների դատաստանի առջև:

«Քեսաբում տեղի ունեցածը գնահատում ենք ոչ թե որպես Սիրիայի կամ Թուրքիայի ներքին գործ, այլ որպես մարդու իրավունքների զանգվածային խախտման արտառոց դեպք: Կոչ ենք անում ցեղասպանության ենթարկված ժողովուրդների ժառանգներին և ամբողջ միջազգային հանրությանը հայց ներկայացնել այսօրվա Թուրքիային մեր ժողովուրդների նկատմամբ անցյալում կատարված հանցագործությունների համար և վերադարձնել նրանց կողմից խլված պատմական, մշակութային և այլ արժեքները իրենց իրական տերերին»,- ասում է անվանի դերասանը։

Հայաստանի քրդական համայնքը ևս դատապարտում է թուրք սադրիչներին ու ցեղասպաններին, ովքեր իրենց հանցագործ քաղաքականությունը շարունակում են անգամ 21-րդ դարում:  «Քուրդիստան կոմիտեի»  նախագահ Ժսնյա Ամիրյանը խնդրի լուծումը տեսնում է միայն համախմբման մեջ: «Միայն համախմբման միջոցով մենք կարող ենք հակահարված տալ թուրքական իշխանություններին, այս ոճրագործ պետությանը, որ չկարողանա գլուխ բարձրացնել: 1 տարի է մնացել և շուտով լրանում է 100- րդ տարելիցը Հայոց ցեղասպանության, դրանք նոր ոճրագործություններ են կատարում»:

Դատապարտելով Թուրքիայի ինչպես այսօրվա, այնպես էլ անցյալի քաղաքականությունը` «Աթուր» ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն  Միխայլովը նշեց, որ ցեղասպանություն տեսած ազգերը պարտավոր են իրենց ձայնը բարձրացնել ամեն օր և ոչ թե ինչ որ կոնկրետ դեպքի շրջանակներում։

Back to top button