ԿարևորՀասարակություն

ԱԻՆ հիդրոմետի կանխատեսումներն իրականացան

Առատ ձյան պատճառով այսօր կաթվածահար է եղել ճանապարհային երթեւեկությունը: ԱԻՆ հիդրոմետի կանխատեսումներն իրականացան: Տեղացած առատ ձյունը վնաս կհասցնի հիմնականում պտղատու այգիներին,  Tert.am-ին ասել է  «Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը: «Տուժում են հիմնականում պտղատու այգիները, որոնք ծաղկակալած են, կամ պատրաստվում են ծաղկակալել, կարծում եմ, որ երեկոյան կլինի 8-10 աստիճան ցուրտ, և այստեղ մենք մտահոգված ենք խաղողի այգիների մասով, այստեղ էլ լուրջ ցրտահարություններ կարող են լինել»,-ասաց Հրաչ Բերբերյանը՝ նշելով, որ արդեն ուշ է ինչ-որ բան անել, ծխահարելն էլ չի օգնի. «էլ ոչինչ հնարավոր չէ անել, ինչ եղավ՝ եղավ»:

Հիշեցնենք, որ  մարտի 31-ի և ապրիլի 1-ի գիշերը ըստ կանխատեսումների Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև -4 աստիճան, հողի մակերևույթին` -5 աստիճան ցուրտ: 30-ի ցերեկը լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, մյուս շրջաններում` թաց ձյուն և ձնախառն անձրև:

Մարտի 30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մարտի 31-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ամպրոպ: Ապրիլի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ի դեպ նշենք, որ ավելի վաղ Գյուղնախարարությունը զգուշացրել էր, որ նշված ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում Արարատյան հարթավայրում, Սյունիքի հովիտներում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում կարող են վնասվել ծիրանենին, սալորենին, դեղձենին, կեռասենին, բալենին և այլ կորիզավոր պտղատեսակներ, խաղողի վաղահաս սորտերի բացված բողբոջները, Տավուշում՝ դեղձենին, որոշ կորիզավորներ ինչպես նաև` հոնենին:

 

 

Back to top button