Մշակույթ

Ստանիսլավսկու անվ թատրոնը 75 տարեկան է

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր` ժամը 19-ին, Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը հանդիսավորությամբ նշելու է իր հիմնադրման 75-ամյակը: Իսկ մինչ այդ էլ թատրոնի նորաբաց ցուցահանդես-թանգարանում արխիվային լուսանկարներով, վաղեմի ներկայացումների առաջատար դերասանների զգեստներով, հուշանվերներով ու պատվոգրերով հնարավոր կլինի ծանոթանալու թատրոնի անցած բովանդակալից ու բեղմնավոր ուղուն: Նշենք, որ հոբելյանական երեկոն իրականացվում է Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ:

Մոտ կես դար Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը ղեկավարող, մեր հանրապետության և Ռուսաստանի պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի վկայությամբ` թատրոնն իր ուղին սկսել է ավելի վաղ, սակայն 7 ու կես տասնամյա հոբելյանը պետական բարձր հովանավորությամբ նշում է այժմ:

«Կառավարության որոշմամբ և անձամբ հանրապետության նախագահի ֆինանսական ու հոգեբանական անմիջական աջակցությամբ մենք այսօր նշում ենք մեր հարազատ օջախի 75-ամյակը»:

Ստեղծագործական այդ տարիների ընթացքում միայն Ալեքսանդր Գրիգորյանի հեղինակությամբ 150-ից ավելի ներկայացումներ են բեմադրվել թե’ հարազատ թատրոնում և թե’ նրա բեմից դուրս, որոնցից մեծամասնությունն արժևորվել է ամենատարբեր մրցանակներով: Խորհրդային Միության փլուզումից հետո` Նորանկախ Հայաստանում, ռուսերենի հետ առնչվող դժվարություններ էլ են եղել:

Թատորնի դերը մեծ է նաև դրսում մեր մշակութային վարկի բարձրացման գործում, հավաստում է մշակույթի նախարարության արվեստի ժամանակակից վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանը:
Թատրոնի հոբելյանը շնորհավորելու են եկել նաև ռեժիսորներ ու դերասաններ նախկին Խորհրդային Միության երկրներից:

Back to top button