Հասարակություն

Կինոօպերատոր Շավարշ Վարդանյանի շնորհիվ պատերազմի շրջանից ունենք 1200 ժամ վավերագրական տեսանյութ

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից նա վերցրեց տեսախցիկն ու մեկնեց ռազմաճակատի առաջին գիծ: Նրա շնորհիվ այսօր մենք ունենք 1200 ժամ վավերագրական տեսանյութ պատերազմի շրջանից:

 

Մոսկվայի կինոյի համամիութենական ինստիտուտն ավարտած կինօօպերատոր Շավարշ վարդանյանի առաջին աշխատանքը վավերագրական ֆիլմ էր՝ այն կոչվում էր «Երկրորդ կյանք», որի ռեժիսորը Գագիկ Ստեփանյանն էր: Հետո նկարեց «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» լիամետրաժ ֆիլմը, աշխատեց տարբեր ռեժիսորների հետ: 1988-ին վերցրեց տեսախցիկն ու գնաց օպերայի հրապարակ, իսկ հետո որոշեց մեկնել Արցախ:

«Հարուստներին այն ժամանակ ցեխավիկներ էին ասում, մի քանիսին դիմեցի ինձ տեսախցիկով օգնելու խնդրանքով, չտվեցին: Առաջին փոքր տեսախցիկն ինձ տվեց բանաստեղծ Գևորգ Էմինն ՝ ասելով .«Տղա՛ ջան, դու քո կյանքն ես վտանգում, իսկ կամերան ոչինչ է»: Առաջին նկարահանումներն Արցախում կատարել եմ հենց այդ տեսախցիկով, որը հետո վերադարձրեցի: Պատերազմի դաշտում հինգ տեսախցիկ եմ կոտրել:

88-ի մարտին արդեն Ստեփանակերտում էր: «Եղել եմ Արցախի գրեթե բոլոր թեժ կետերում: Անմիջապես հայտնվում էի այնտեղ, որտեղ ինչ-որ մի բան պիտի տեղի ունենար: Գնում էի էշով, ձիով, ոտքով, մեքենայով, ինչով հնարավոր էր»,-պատմում է Շավարշ վարդանյանը: «Ե՞րբ հասկացաք՝ թե իրականում ինչ է պատերազմը» հարցին պատասխանում է

«Մի բարձունքի վրա էինք, մոտ երեսուն հոգի՝ գեներալ Դարիբալթայանի հետ միասին: Հանկարծ ադրբեջանցիները սկսեցին կրակել: Դարիբալթայանից բացի բոլորս պառկած էինք, այդ թվում և ես՝ պառկած նկարում էի: Ասացի Դե՛դ/ես նրան այդպես էի անվանում, որովհետև պապիս նման սիրում էի/, ինչու՞ չես պառկում, չե՞ս վախենում, որ գնդակը քեզ կկպնի»: «Է,-ասում է,-Շավա՛րշ ջան, ես իմ գնդակը ճանաչում եմ, ամեն գնդակից չեմ պպզի»:
Ուղեղիս մեջ դաջվեցին այդ խոսքերը: Որոշ ժամանակ անց գնում եմ դիրքեր և ինձ ուղեկցում է 13 տարեկան շահումյանցի մի տղա: Պիտի անցնենք բարձունքում դրված ադրբեջանական գնդացիրի տակով: Ես՝ մեկ սողալով, մեկ ծառից-ծառ ցատկոտելով, գնում եմ, տղան՝ ձեռքերը գրպանում, սուլելով, հանգիստ քայլում է: Մեկ էլ շրջվեց ու ինձ ինչ ասի, որ լավ լինի.«Շավա՛րշ քեռի, ինչի՞ ես էդպես թավալ տալիս գետնին»: Ասում եմ՝ տղա՛ ջան, դու չե՞ս վախենում, որ գնդակը քեզ կկպնի, պատասխանում է.«Ես իմ գնդակը ճանաչում եմ», նույն խոսքերը…:

Հետո հասկացավ, որ ինքն էլ կարող է ճանաչել իր գնդակը ու ամեն կրակոցից չէր թաքնվում: Եթե թաքնվեի, իրականում, չէի կարողանա նկարել այնքան, որքան նկարել եմ: Եթե չգնայի պատերազմ, չգիտեմ՝ ինչո՞վ պիտի արդարացնեի կամ իմաստավորեի իմ գոյությունը»,-ասում է զրուցակիցս ու ենթադրում.«Հավանաբար կլինեի միջակ մի օպերատոր, մի երկու ֆիլմ ավել կնկարեի ու մի քանի կոպեկ էլ ավել կստանայի: Բայց հայրենիքիս առաջ պատասխանատվության առոմով ինձ այնքան բավարարված չէի զգա, որքան այսօր՝ շնորհիվ այն արխիվի, որը ստեղծեցի կրակելով, նկարելով, մի քանի անգամ վիրավորվելով»:

Այդ նյութերի հիման վրա յոթ վավերագրական ֆիլմ է ստեղծվել: Բազմաթիվ ֆիլմերում և հաղորդումներում օգտագործվում են Շավարշ Վարդանյանի նյութերը: Նա ասում է«Պատերազմում շատ տխուր, բայց նաև լուսավոր պատմություններ են եղել: Աչքիս առաջ միշտ տղաների դեմքերն են, անվախ, մահը արհամարհող: արցախյան պատերազմը մեզ շատ կարևոր մի բան տվեց, ոչ միայն այն առումով, որ կորցրած տարածք ետ բերեցինք: Մոտ մեկ դար ցածրացած, խեղճացած մի ժողովուրդ հանկարծ կարողացավ ոտքի կանգնել ու ապացուցել, որ ամեն ինչ ավարտված չէ»:

Կարդացեք նաև
Close
Back to top button