Քաղաքական

Բողոքի ակցիա`Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության շենքի առջև

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»-ԱՄՆ

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ բողոքի բազմամարդ ակցիա է տեղի ունեցել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության շենքի առջև: Ցուցարարները Թուրքիայից պահանջել են դադարեցնել հարձակումները Քեսաբի ուղղությամբ, որոնք դարձել են խաղաղ բնակչության տարհանման, բնակիչների ունեցվածքի հափշտակման և եկեղեցիների պղծման պատճառը: Թուրքիան այսօր շարունակում է այն, ինչ սկսել է 100 տարի առաջ, և ինչի համար չի պատժվել մինչև այժմ: Ամերիկահայերը վստահ են, որ Քեսաբի իրադարձությունները հետևանք են նրա, որ այսօր կան երկրներ, որոնց համար տնտեսական շահը գերադասում են ճշմարտությունը բարձրաձայնելուց:

Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև Հայ դատի հանձնախմբի նախաձեռնած բողոքի ակցիային էին միացել հարյուրավոր ամերիկահայեր, քաղաքական գործիչներ, երիտասարդներ, եկել էին նաև ազգային վարժարանների սաները: Նրանց համար Քեսաբից ստացվող վերջին լուրերը Հայոց ցեղասպանության մեկդարյա ողբերգական դեպքերի պատկերավոր հիշեցում ու զգոնության կոչ է.«Անմեղ հայերն այս պահին հարձակման են ենթարկվում, քանդվում են նրանց տները, եկեղեցիներ են ավերվում: 1915 թվականի ցեղասպանությունը կրկնվում է, այն պետք է դադարեցվի, մենք պետք է հայության միասնական ուժով վերջ տանք դրան», ասաց երիտասարդ ցուցարարներից մեկը:

Բազմամարդ ցույցի պատճառով երկու ժամ փակ էր Լոս Անջելեսի կենտրոնական` Ուիլշեր պողոտան հատող փողոցը: Փակ էր նաև բազմահարկ շենքի մուտքը, որտեղ տեղակայված է Թուրքիայի հյուպատոսությունը: Նրանց`փակ դռների հետևում սրած ականջների ու միջազգային հանրության համար հայ ցուցարարները վանկարկաւոմ էին, որ կանգնած են աշխարհի ցանկացած անկյունում նեղ վիճակում գտնվող ամեն մի հայի թիկունքին, որ իբրև ամերիկայի քաղաքացի, չեն հանդուրժի, որ ՄՆ-ի դաշնակից Թուրքիան հովանավորի Ալ-Քաիդայի հետ կապված ուժերի բռնարարքները հայերի նկատմամբ: Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը հայտնեց, որ պատրաստել է բանաձևի նախագիծ: Այն զորակցություն է հայտնում քեսաբցիներին և ՄՆ-ի կոնգրեսին կոչ անում նախագահին և պետքարտուղարությանը պարտացվորեցնել պատասխանատվության կանչել Թուրքիային; Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը բանաձևն ըստ ամենայնի կընդունի երեքշաբթի.

«Ես այստեղ եմ իբրև ամերիկահայ` քեսաբցիներին զորակցություն հայտնելու լոսանջելեսի ամբողջ բնակչության կողմից: Մենք պետք է աշխատենք , որ նրանք վերադառնան իրենց տներն ու ապահով ապրեն:Ամերիկյան կառավարությունը պետք է ճնշում բանեցնի ՆԱՏՕ-ի իր գործընկերոջ վրա, որ վերջինն իր սահմաններից հեռու պահի ալ քաիդայինի հետ կապված ուժերին, չհովանավորի նրանց մուտքը սիրիրա ու հարձակումը քրիստոնյա խաղաղ բնակչության վրա», ասաց Փոլ Կրեկորյանը:

Ցուցարարների շարքերում շատ էին քեսաբցիները: Այսօր մն-ում նրանց թիվն ավելի մեծ է, քան Քեսաբում: Նրանց համար առավել ծանր է լսել սիրելի քաղաքի ավերման ու հարազատների տեղահանության մասին:

Ամերկաբնակ քեսաբցիները լաթաքիայում ապաստանած հարազատների հետ խոսել են մի քանի օր առաջ, տեղեկացել, որ ուտելիքի մի քանի օրվա պաշար ունեն: Շտապել են օգնել: Երեկ Հայ օգնության միությունը նրանց ուղարկել է 120 հազար դոլար: Այսօր 100 հազար դոլար է ուղարկել Սիրիահայերի զորակցության միացյալ մարմինը: Հանագանակությունը շարունակվում է:

Ամերիկահայերը նշում են, որ կշարունակեն դրամական աջակցության ծրագրերն ու քաղաքական պայքարը, և որ կարևորն է` կլինեն կանգնած սիրիահայերի թիկունքին քանի դեռ դրա կարիքը կա:

Back to top button