ԿարևորՀասարակություն

ՍԴ- ն սկսեց պարտադիր կենսաթոշակայինի սահմանադրականության հարցի քննությունը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Սահմանադարական դատարանն այսօր սկսել է ԱԺ 36 պատգամավորի կողմից ներկայացված դիմումի քննությունը, որով վիճարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 8 հոդվածների սահմանադրականությունը: Դիմումի քննությունը շարունակվել է ողջ օրվա ընթացքում և անավարտ մնացել: Նիստն այսօր ընդհատվել է պատասխանող կողմին հարցեր ուղղելու փուլում,  կշարունակվի երկուշաբթի ՝ մարտի 31-ին։ Օրվա առաջին կեսին Սահմանադրականի նիստն ուղեկցվել է  «Դեմ եմ» նախաձեռնության բողոքի լուռ ակցիայով: Շարժման անդամները դատարանի շենքի առջև ֆլեշ մոբ են կազամկերպել՝ սպիտակ ժապավեններով կապելով իրենց աչքերը, ինչը ըստ մասնակիցների, ՍԴ անաչառ վճռի ակնկալիքն է խորհրդանշում:

Կուտակային կենսաթոշակային համակարգի հայաստանյան մոդելը, ըստ օրենքի սահմանադրականությունը վիճարկող կողմի, աննախադեպ է և ռիսկային: Դիմող կողմի ներկայացուցիչները  մոտ երեք ժամ ներկայացրին այն հիմանվորումներն ու փաստարկները, որոնցով առաջնորդվելով էլ պնդում են օրենքի 8 հոդվածների և Սահմանադրության հակասությունները: 

Դրանցից հիմնականը քաղաքացու սեփականության իրավունքի խախտումն է: Աշխատավարձը քաղաքացու սեփականությունն է , իսկ նոր համակարգի պարտադիր բաղադրիչը զրկում է անձին իր սեփականությունն ազատ տնօրինելու  իրավունքից, հակասությունն այսպես հիմնավորեց դիմող կողմի ներկայացուցիչներից Մերի Խաչատրյանը: Նա, որպես Սահմանադրության հետ հակասություն,  մատնանշեց նաև կարգավորման խտրական բնույթը՝  օրինակ, ըստ տարիքային ցենզի, 1974 թ. հունվարի 1-ին և դրանից հետո  ծնվածների   համար կարգավորման մի մոդել է գործում, ընդամենը 1 օր առաջ ծնվածների համար ՝ բոլորովին այլ:  Խտրական մոտեցում կա նաև տարբեր եկամուտ ունեցող անձանց միջև:

Ըստ դիմողների՝ բացի  բովանդակային խնդիրներից կարևոր են  նաև պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրման սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, խնդիրները: Դրանց մասին հիմնականում խոսեց Արծվիկ Մինասյանը: Նրա պնդմամբ ՝ ֆինանսատնտեսական առկա ցուցանիշների պարագայում պարտադիր բացղադրիչի գործադրումը վատթարացնելու է սոցիալ –տնտեսական վիճակը: Ըստ պատգամավորի՝ նոր համակարգը բարձրացնելու է աղքատության մակարդակը՝ սպառման կրճատման հաշվին, չի լուծելու ժողովրդագրական խնդիրները, դժվարացնելու է աշխատանք գտնելը, ռիսկային է դարձնելու հատկապես հանրային  ոլորտի աշխատակիցների՝ մանկավարժների, մշակույթի գործիչների արժանապատիվ կենսաթոշակ ստանալու հարցը:

Արծվիկ Մինասյանը հիշեցրեց հանգամանքը, որ 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնվածների ստաժը հաշվի չի առնվելու՝ սկսած 2014-ի հունվարի 1-ից և թոշակը ձևավորվելու է միայն ըստ կուտակումների: «Մենք խրախուսում ենք կրթությունը, մշակույթը, բայց այսօր իրականությունն այն է, որ այս ոլորտում աշխատավարձերը հազիվ միջինին են ձգտում կամ ավելի ցածր են: 30 տարի աշխատած ուսուցիչը չի կարող ավելի վատ պայմաններում գտնվել, քան՝ 10 տարի, բայց բարձր եկամուտ ստացած անձը: Սա սոցիալական քաղաքականության ձախողում կարող է համարվել»,- ասում է պատգամավորը։

Պատասխանող կողմից ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հիմանակնում խոսեց բարեփոխումների անհրաժշետության մասին, նշեց, որ անցումը  բաշխողականից կուտակային համակարգին  իրողություններով թելադրված պահանջ էր և խնդիր էր, որը միայն պետության ուժերով հնարավոր չէր լուծել: «Հստակ գիտենք, որ մենք 2-3 տարում չենք կարող այս խնդիրը լուծել: Եվ ընդունել ենք մի համակարգ, որով համամասնորեն պետությունն ու քաղաքացին ներդրումներ են անում, որ կարողանան քաղաքացու համար արժանապատիվ կենսաթոշակ ապահովել»:

ՍԴ անդամներից Կիմ Բալայանը պատասխանող  կողմի ելույթից հետո նկատեց, որ այն ավելի շատ նման էր խորհրդարանական ելույթի, քան՝ Սահմանադրականում պատասխանող կողմի պարզաբանման: «Պարոն Հակոբյան, Դուք որպես պատասխանող կողմ հանդես չեկաք։ Դուք ըստ երևույթին ՍԴ-ն շփոթեցիք ԱԺ-ի հետ, որովհետև պատասխանող կողմը պետք է փաստարկներ բերեր նշված խնդիրների վերաբերյալ»:

Իսկ որպես հարց ՍԴ անդամին հետաքրքրում էր, թե դիմող կողմի նշած խտրական մոտեցումը 73 թ, դեկտեմբերի 31-ին և 1974 թ. հունվարի 1-ին ծնված անձանց միջև պատասխանողը տեսնո՞ւմ է, թե՞ ոչ։ 

ՍԴ անդամներից Ֆելիքս Թոխյանն էլ Հակոբ Հակոբյանից հետաքրքվեց, թե  խորհրդարանական մեծամասնությունն ինչու չի մասնակցել 2013թ. նոյեմբերի 15-ին ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստին: Հանրապետական պատգամավորն  ի պատասխան նշեց, որ կենսաթոշակային բարեփոխումները  2010-ից քննարկվում են.   «Այդ ընթացքում որևէ մեկը որևէ հարցով չի դիմել մեզ, մենք  ևս հարկ չենք համարել մասնակցել այդ հարցով արտահերթ նիստին»:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հիշեցրեց ՍԴ ապրիլի 16-ի որոշումը. «Մենք ձեզ այդ  որոշումով արգելել ենք գործի չգնալ: Սահմանադրությամբ ՀՀ-ն իրավական պետություն է, հետևաբար` որևէ տրամաբանությամբ բացատրել իրավունքի դեմ կատարված անիրավական գործունեությունը առնվազն հակաօրինականություն է և չունի որևէ արդարացում»:

Back to top button