Հասարակություն

Մարտի 30-ի երեկոյան ջերմաստիճանն ամբողջ հանրապետությունում կնվազի 10-15 աստիճանով. ԱԻՆ հիդրոմետ

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Մարտի 27-ին Բարենցի ծովից արկտիկական օդը շարժվում է դեպի Սև ծով, որտեղից էլ դեպի Կովկաս։ Այս պահին այն գտնվում է Ռուսաստանում և վաղը կհանի մեր տարածաշրջան, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նա նաև հայտնել է, որ ցածր ջերմաստիճանը կպահպանվի 2 օր և ապրիլի մեկից օդի ջերմաստիճանը կբարձրանա:

Ասում են շատ տարիներ առաջ այս օրերին «Պառվի ուլերով» սկսվեցին գարնանային ամենացուրտ օրերն ու առատ տեղումները: Ու մինչև հիմա էլ hայ ժողովրդի մոտ ընդունված նախապաշարմունք է` մինչև «պառվի ուլերը» չանցնեն, եղանակը չի տաքանա: ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետի տեղակալը, սակայն, հավատում է միայն իրենց կանխատեսումներին:

Պառվի ուլերին Գագիկ Սուրենյանը չի հավատում, բայց հայտնում է, որ մարտի 30-ի երեկոյան ջերմաստիճանն ամբողջ հանրապետությունում կնվազի 10-15 աստիճանով։ Եղանակային նման պայմաններում չի բացառվում նաև ցրտահարությունը` հատկապես Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում, որտեղ ծիրանենինները ծաղկել են 15 օր շուտ:

Այսպիսով` մարտի 30-ին հանրապետության գրեթե ամբողջ տարածքում կլինեն տեղումներ և քամու ուժգնացում: Արարատյան դաշտում տեղումները կլինեն անձրևի և թաց ձյան տեսքով: Ի դեպ ցրտահարության վտանգներին է այսօր անդրադարձել նաև Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը և տնտեսություններին հորդորել դիմել ավանդական միջոցների, քանի որ մարդկանց զգոնության շնորհիվ հնարավոր է զգալիորեն մեղմել ցրտահարության հետևանքները:

Back to top button