Հասարակություն

Հայաստանում կա 76 կուսակցություն, 3900 ՀԿ եւ 1200 ԶԼՄ

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ապրիլի 1-ին լրանում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործունեության 20-ամյակը: Գերատեսչության գործառույթներին և աշխատանքի յուրահատկլություններին  այսօր անդրադարձել է գործակալության պետ Արմեն Գևորգյանը։ Ըստ նրա՝ գործակալությունում գրանցվում են անհատ ձեռներեցները, ձեռնարկությունները, հասարակական և կրոնական կազմակերպությունները, լրատվամիջոցները և քաղաքական կուսակցությունները։

Արմեն Գևորգյանը դժվարացավ հայտնել ՀՀ իրավաբանական անձանց ընդհանուր քանակը՝ ներկայացնելով միայն վիճակագրությունը դրանց մի մասով: «Անհատ ձեռնարկատերերի  քանակը գերազանցում է 92 հազարը, իսկ ՍՊԸ-ների թիվը կազմում է մոտ 46 հազար 900- ի»,- ասաց։:

Վերջին տարիներին պարզեցվել է հենց տնտեսական ոլորտի իրավաբանական անձանց գրանցման ընթացակարգը: Եթե մինչև 2002 թվականը ընկերության հիմնադրումը իրականացվում էր 3 շաբաթվա ընթացքում, ապա 2002-ից մինչև 2011 թվականը այն տևում էր 9 օր:  Այսօր կազմակերպությունը կարելի է գրանցել մինչև 20 րոպեի ընթացքում, իսկ անհատ ձեռնարկատիրոջ պարագայում՝ 5 րոպեում:

Այս սրընթաց արագացումը պայմանավորված է թղթային կրիչից էլեկտրոնային եղանակին անցնելով: Այսօր գրանցումը հնարավոր է իրականացել e-register.am համացանցային կայքում: Համաշխարհային բանկի գնահատականներով՝ ՀՀ-ն բիզնեսի ներդրման դյուրինության վարկանիշով  189 երկրների շարքում 37-րդ տեղում է, իսկ ընկերությունների գրանցման ոլորտում զբաղեցնում է 6-րդ տեղը: Համեմատության կարգով նշենք, որ մեր հարևան երկրներից Ադրբեջանը համապատասխանաբար 70-րդ և 10-րդ տեղերում է, Թուրքիան՝ 69-րդ և 93-րդ, իսկ Վրաստանը երկու վարկանիշերով 8-րդն է:

Ի տարբերություն բիզնեսի ոլորտի՝ դեռևս քաղաքական կուսակցություն և հասարակական կամ կրանական միավորումների գրանցման գործընթացը ավելի երկարատև է: Մասնավորապես՝ կուսակցությունների պարագայում՝ մեկ ամիս: Քաղաքական կուսակցությունների պակաս չկա։ Համենայն դեպս՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի բերած տվյալներով «այսօր գրանցված է 76 կուսակցություն, որոնցից երկուսը՝   “Միավորում հանուն Հայաստանի” և “Նոր ուղին” լուծարման գործընթացում են»։

Կուսակցությունների թվին զիջում են կրոնական կազմակերպությունները՝ դրանք 46-ն են: Տպավորիչ է գրանցված հասարակական կազմակերպությունների թիվը՝  մոտ 3900: Հավելենք, որ ռեգիստրում գրանցված է 1200 լրատվամիջոց: Միևնույն ժամանակ Արմեն Գևորգյանը հավելեց, որ գրանցված իրավաբանական անձանցից այսօր ոչ բոլորն են փաստացի գործում:

Back to top button