Հասարակություն

Կառավարությունը պատրաստ է քննարկումների. վարչապետն ընդունեց բնապահպաններին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանին, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանին, «Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ Էրիկ Գրիգորյանին և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի և «Պատասխանատու հանքարդյունաբերության» կենտրոնի նախագահ Ալեն Ամիրխանյանին, ովքեր  լիազորված են եղել ներկայացնելու մարտի 25-26-ը Երևանում կայացած պատասխանատու հանքարդյունաբերության համաժողովի ժամանակ բնապահպանական ակտիվիստների բարձրացրած խնդիրները:

Տեղի է ունեցել կառուցողական և արդյունավետ երկխոսություն, որի շրջանակում արծարծվել են կոնֆերանսում հնչեցված հրատապ հարցերը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգիռ է և պատրաստ համատեղ քննարկել ոլորտին վերաբերող բոլոր հարցերը: Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության զարգացմանը նվիրված համաժողովը հաջողվել է, և ողջունելի համարվել երկխոսության նման ձևաչափի ձևավորումը:

Բնապահպանական ոլորտի մասնագետները վարչապետին ներկայացրել են բնապահպան ակտիվիստների հարցադրումները և առաջարկությունները: Լսելով դրանք՝ ՀՀ կառավարության ղեկավարն առաջարկել է ձևավորել ըստ առաջնահերթության հարցերի օրակարգ և քննարկել դրանք ՀՀ կառավարություն-հասարակական կազմակերպություններ ձևաչափով: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ բնապահպանները կներկայացնեն բարձրացվող հարցերի օրակարգը և կառաջարկեն քննարկման՝ իրենց համար ընդունելի ձևաչափ:

Back to top button