ԿարևորՔաղաքական

Ինչու Հայաստանը Ուկրաինայի շուրջ ՄԱԿ- ի բանաձեւին դեմ քվեարկեց. ԱԺ ճեպազրույցներում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ՄԱԿ-ի բանաձեւի քվեարկության ժամանակ Հայաստանի դիրքորոշումը տարբեր գնահատականների առիթ դարձավ այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում։ Ինչո՞ւ Հայաստանը չքվեարկեց ձեռնպահ, ինչպես դա արեցին 58 պետություններ: Հայաստանն իր քվեարկությամբ ընդգրկվեց այնպիսի պետությունների շարքում, ինչպիսիք են Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն եւ Բոլիվիան։ Խորհրդարանական խմբակցություններից «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի անդամները պնդում են. այս հարցով «ձեռնպահ» քվեարկելն ավելի ճիշտ էր: Ասում են՝ «օգուտ չենք տվել Ռուսաստանին, բայց վնասել ենք Հայաստանի միջազգային վարկը»։

Նախապես հայտարարված ձեռնպահ դիրքորոշումը քվեարկության ժամանակ «դեմ»-ի վերածվելը Հայաստանի վրա ճնշման հետեւանք չէ, կարծում է «Օրինաց երկիր» խմբակցությունից պատգամավոր Մհեր Շահգելդյանը` ակնարկելով, որ ձեռնպահ կարող էինք քվեարկել: ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը տարբեր խուսանավող պատասխաններով այդպես էլ հստակ չէր ասում. արդյո՞ք Հայաստանը ճիշտ է քվեարկել:

ՄԱԿ-ում դեմ քվեարկելը ճիշտ էր, ըստ Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանի եւ Հանրապետական Գալուստ Սահակյանի: 

Մի կողմ դնելով արտաքին քաղաքական խնդիրները՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները եկել էին սպառնալիք, վերջնագիր կամ պարզապես զգուշացում հրապարակելու համար: Կուսակցության նախապես ձեւակերպված դիրքորոշումը ընթերցեց պատգամավոր Վահան Բաբայանը, քանի որ կուսակցության եւ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քաղաքում չէ, իսկ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այլ հանդիպման է։

Խոսքը ապրիլի 28-ին նախատեսվող Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին է: ԲՀԿ-ական պատգամավորները իշխանությանը այսօրվանից զգուշացրին հեռատես լինել եւ այս հարցով գնալ բանակցությունների ու ընդունել առաջարկները:  «Կառավարությունը պետք է ոչ միայն վարչապետի տեսքով հեռանա, այլ հեռանա ամբողջովին: Եթե իշխանությունը չգնա փոփոխությունների՝ հաջորդ քայլերը ակնհայտ են: Հաջողության հասնելու համար մեզ անհրաժեշտ է դառնում կազմակերպել, իրականացնել տասնյակ հազարավոր, ինչու չէ հարյուր հազարավոր մարդկանց ներկայությունը Երեւանի փողոցներում, հրապարակներում, որոշող շենքերի դիմաց: Անկախ ամեն ինչից կա հնարավորություն գնալու անցնցում, խաղաղ փոփոխությունների եւ իշխանությունը պետք է հետեւություններ անի: Մենք շատ լավ գիտենք ինչ ենք անելու ապրիլի 28-ից առաջ եւ ինչ ենք անելու ապրիլի 28-ից հետո»,- ասած։

Հնչեցված զգուշացումը որեւէ անհանգստություն չառաջացրեց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի մոտ: «Հեսա գալիս են: Ապրիլի 29-ին հայտարարությունների ժամ կլինի: Չեմ հասկանում այդ ինչ քայլերի մասին է խոսքը: Ուզում եմ հիշեմ «Տժվժիկը» ով է գրել, շատ լավ ստեղծագործություն է»։ Լրագրողի դիտարկմանը, թե ԲՀԿ- ն ասում է, որ իրենց հաշված օրեր են մնացել, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Ուրեմն հաշվել չգիտեն»։

Չնայած այս ամենին՝ ԲՀԿ-ն պնդում է, որ կառավարության հրաժարականից հետո պետք է ձեւավորվի Ազգային համաձայնության կառավարություն: Իսկ այդ կառավարության անձերի մասին խոստացան խոսել ապրիլի 28-ից հետո:

Back to top button