Միջազգային

Թուրքիայի ԱԳ նախարարությունում գաղտնի քննարկումը հայտնվել է ինտերնետում. Անկարան զայրացած է

Թուրքիայի կառավարության ղեկավար Ռեջեպ Թայիպ Էրդողանը «հակաբարոյական և ստոր» է անվանել Youtube-ում Թուրքիայի ԱԳ նախարարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ խոսակցության տեսագրության հայտնվելը, գրում է Radikal թերթը: Իսկ ահա Թուրքիայի արտգործնախարությունը նախարարի, փոխնախարարի, Ազգային հետախուզության ծառայության պետի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի Սիրիայի վերաբերյալ  խոսակցություններն ինտերնետում տեղադրողներին մեղադարել է դավաճանության մեջ:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշվել է, թե պետական հաստատությունում կարեւոր անվտանգության խնդիրներ քննարկելը գաղտնի ձայնագրելը եւ հասարակությանը ներկայացնելը ստոր հարձակում է Թուրքիայի ազգային անվտանգությանը եւ համարժեք է դավաճանության։

Նշենք, որ ինտերնետում հայտնվել էր հույժ գաղտնի խոսակցության գաղտնալսված ձայնագրությունը, որը հաստատում է, որ Թուրքիան սադրանքներ էր իրականացնում Սիրիային պատերազմի մեջ ներքաշելու համար եւ մեծ աջակցություն ցույց տալիս ահաբեկչական խմբավորումներին։ Սենյակում արված գաղտնալսման մեջ Դավութօղլուն խոսում է Սիրիայի տարածքում թուրքական հող համարվող Սուլեյման Շահի դամբարանի մասին, երբ Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը նշում է, թե հարկ եղած դեպքում ինքը 4 մարդ կուղարկի Սիրիա եւ այնտեղից 8 հրթիռ կարձակեն Թուրքիայի տարածք եւ Սիրիայի դեմ պատերազմ սկսելու հիմք կստեղծվի։

Այնուհետ Դավութօղլուն շարունակում է՝ ասելով.  «պետք է 2012-ին հարձակվեինք, պետք է համարձակ որոշումներ ընդունեինք, ափսոս, որ չմտանք Սիրիա»։ Այդ ընթացքում Հաքան Ֆիդանը նշում է, թե իրենք մոտ 2000 բեռնատար զենք են ուղարկել Սիրիա, որին հակադարձում է Յաշար Գյուլերը՝ պնդելով, թե այնտեղ ոչ թե զենքի, այլ զինամթերքի կարիք կա։

Back to top button