Մշակույթ

Թատրոնի այսօրվա խնդիրը ֆինանսների հետ չի կապված, ասում է մշակույթի նախարարը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Թատրոնի միջազգային օրը հայ թատերարվեստի բազմաթիվ ներկայացուցիչներ հավաքվել էին մեկ հարակի տակ ` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում` մասնակցելով Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը, որն այս տարի նվիրված էր Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90-ամյակին: 13 անվանակարգերում ժյուրին ընտրել էր լավագույներին։ Տարվա լավագույն դերասանուհու տիտղոսին արժանացավ Պատանի հանդիսատեսի  թատրոնի դերասանուհի Շուշան Ղազարյանը , իսկ տարվա Լավագույն դերասան ՝ «Համազգային» թատրոնի դերասան   Գագիկ Մադոյանը: «Լավագույն երաժշտական ձեւավորում» անվանակարգում մրցանակ ստացավ կոմպոզիտոր, Հանրային ռադիոյի «Արեւիկ» մանկապատանեկան անսամբիլ գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյանը «Գազանանոց Մադագասկար» ներկայացման համար։

Մշակույթի նախարար  Հասմիկ Պողոսյանը «Ռադիոլուրի» հետ  զրույցում նշում է, որ դերասաններն այսօր  անհամեմատ  լավ պայամններում են ապրում և ունեն գումար վաստակելու այլընտրանքային ճանապարհ: Նախարարը մատնացուց է անում հեռուստասերիալները։ «Թատրոնը ոչ մի ժամանակ այսպես շահեկան վիճակում չի գտնվել ,որքան հիմա: Ու այսօր դերասանները կարողանում  են խաղալ և թատրոնում, և այլընտրանքային տարբերակներ ունեն: Այսօր թատերական կազմակերպությունները, որպես միավորներ, ավելի ազատ են գործում, քան՝ խորհրդային տարիներին։ Կարողանում են այլընտրանքային ֆինասավորում բերել, տարբեր ձևաչափերով գումար վաստակել  և այլն: Այսօր թատրոնի կարևորագույն խնդիրները ոչ թե ֆինասների հետ է կապված, այլ ուրիշ խնդիր ունի։ Նա մի քիչ քիչ է հաշվի առնում իր հանդիսատեսին։ Եթե մենք ի սկզբանե այդ հարցերի պատասխանները իմանանք, կարծում եմ թատրոնն այսօր ամենաշահեկան վիճակում կգտնվի: Ուղղակի ճշգրտելու ու ժամանակակից պայմաններում ապրելու անհրաժեշտություն կա»։- ասում է նախարարը։

Սակայն արդեն մրցանակաբաշխության ժամանակ և մրցանակակիրները, և մրցանակ  հանձնողները առիթը բաց չէին թողնում խոսել ցածր աշխատավարձերի,  թատրոնների շենքային պայմաններին մասին: Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը   բարձրաձայնեց թատրոնի շենք չունենալու հարցը: Շենքային վատ պայմանների մասին բարձրաձայնեց  նաև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան  թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրը, ով թատերական աշխարհում անբասիր աշխատանքի համար արժանացավ ոսկե մեդալի:

Անցենք արդեն գեղարվեստական մասին  ու նշենք, որ  այս տարի միանգամից 6 անվանակարգում հաղթեց Պատանի հանդիսատեսի թատրոնի Գոռ Մարգարյանի «Մեղրի համը» ներկայացումը։ Սակայն մրցանակաբաշխության բոլորի հետաքրքող պահը թերևս տարվա լավագույն դերասանուհի անվանակարգն էր։ Երբ հայտարարվեց, որ այդ մրցանակը շնորհվում է  Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի  Շուշան Ղազարյանին, թատերագետ Լևոն Մութաֆյանը, ով ժյուրի անդամ էր, ցուցադրաբար դուրս եկավ դահլիճից՝ դուռը ուժեղ շրխկացնելով: Նկատենք, որ նույն անվանակարգում ներկայացված էր նաև թատերագետի դուստրը՝ Սունդուկյան թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը:

Տարվա լավագույն  ներկայացում անվանակարգում  հաղթեց Համազգային թատրոնի «Քեռի Վանյա» ներկայացումը: Ներկայացման ռեժիսոր Հրաչյա  Գասպարյանը նշեց, որ Սոս Սարգսյանի հոգին խռով գնաց այս աշխարհից ու նրա հոգին խռով կլինի այնքան ժամանակ, մինչև չդրվի թատրոնի շենքի առաջին քարը։

«Ռադիլուրը» մինչ մրցանակբաշխությունը մշակույթի նախարար  Հասմիկ Պողոսյանից հետաքրքվել էր՝ ի վերջո, երբ է լուծվելու Համազգային թատրոնի շենքի հարցը։ «Կարևորը թատրոնը կա և նորմալ խաղացանկ ունի ու խաղում։ Դե լուծվում է, այսօր էլ շենք ունի: Օրինակ՝ ես անհամբեր սպասում եմ  Համլետի պրեմերիային: Ինձ շատ ավելի հետաքրքիր է ներկայացումը այդ հին շենքում, քան՝ նոր շենքում ու ասենք՝ մտահղացում չլինի: Ես կարծում եմ՝ քանի որ որոշումը կա, ապա որոշակի ժամանակահատվածում այն  իր լուծումը կստանա»,- նկատեց մշակույթի նախարարը։

Back to top button