Հասարակություն

Բնապահպանների մի մասը վարչապետի հետ չեն հանդիպի

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ընդունե՞լ վարչապետի հրավերը, թե՞ ոչ, բնապահպանները դեռ երկմտում են: Իսկ ես հիշեցնեմ, բնապահպան ակտիվիստները անձամբ կառավարության ղեկավարից հանդիպման ու երկխոսության հարվերք ստացան, երկու օր առաջ, երբ «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում, հնարավորություններ, մարտահրավերներ» խորագիրը կրող համաժողովի մեկնարկին ակտիվիստները սրահ մտան ու Սյունիքի մարզից բերված պղտոր ջրով հյուրասիրեցին կառավարության ու միջազգային տարբեր կառույցների անդամներին: Երկխոսության առաջարկն ու հրավերքը փոխանցեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Վաչե Գաբրիելյանը: Համահայկական բնապահպանական ճակատը հստակ որոշել է՝ հանդիպման ու երկխոսության չեն գնալու:

Համահայկական բնապահպանական ճակատից Եղիա Ներսիսյան. «Որպես համահայկական բնապահպանական ճակատ, մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք, թե ովքեր կհանդիպեն չգիտեմ, բայց մենք ՝ որպես համահայկական բնապահպանական ճակատ, կապ չունենք, ինչքան գիտեմ, Թեղուտի խմբի նախաձեռնությունն էլ հայտարարություն է տարածել, որ իրենք էլ չեն ուզում հանդիպել: Միջավայրը փափակացնելու համար կանչեց, ասաց՝ խնդրեմ, եկեք մեր մոտ քննարկենք: Հարց է ծագում՝ ի՞նչ քննարկենք»:

«Մենք պառակտված չենք, ուղղակի տարբեր խմբեր ենք,կարծիքների տարբերությունը հստակեցրեց» ,-Եղիա Ներսիսյանը:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը կգնա հանդիպման, սակայն, նախապայմաններով՝ «Պայմանը հետևյալն է, եթե այնտեղ լինի գոնե երկու կամ երեք լրագրող, եթե լինի առնվազն տասը ակտիվիստ, եթե ներկա լինի էկոնոմիկայի նախարարը, և եթե լինեն պետական կառույցը ներկայացնող փորձագետներ»:

Չնայած կառավարության հետ երկխոսության գնալու հարցում տեսակետները տարբեր են, այդուհանդերձ, հանքարդյունաբերության զարգացման շուրջ միևնույն դիրքորոշումն ունեն՝ հանքերի անխնա շահագործումն այլևս անթույլատրելի է:

Խնդիրները սրված են բոլոր մարզերում. «Հայաստանում հանքարդյունաբերությունը հասել է աղետալի մասշտաբների» բնորոշումն ի դեպ, Համահայկական բնապահպանական ճակատից Աննա Աղլամազյանինն է «Մենք երբևէ չենք ասել, որ Հայաստանում ընդհանրապես որևէ հանք չպետք է լինի, բայց այն ծավալները և այն ձևը , որով արվում է հանքարդյունաբերությունը, պարզապես աղետալի է:

Back to top button