Հասարակություն

Արմավիրի գյուղացիները պատրաստվում են առաջիկա ցրտերին

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Մարտի 30-ի լույս 31-ի գիշերը հանրապետությունում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում մինչև -5 աստիճան:  Գյուղատնտեսությունը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով այսօր  Արմավիրի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպել է գյուղնախարար Սերգո Կարապետյանը և առաջարկել գյուղացիներին ձեռնարկել նախապատրաստական միջոցառումներ ծաղկած ծիրանենիներն ու ջերմոցային տնտեսությունները ցրտահարությունից պաշտպանելու համար: Ցրտահարության դեմ լավագույն պայքարի միջոցը ավանդական ծխահարությունն է և ոռոգումը: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ այսօրվանից բոլոր ջրանցքներով գյուղացիներին կմատակարարվի ոռոգման   ջուր։

Գարնանային ցրտահարությունն արդեն անխուսափելի է, հայտնի է նաև օրն ու ժամը` մարտի 30- լույս 31-ի գիշերը ժամը 3-ից մինչև ատավոտյան ժամը 7-ը: Հենց այս ժամերին է օդի ջերմաստիճանը կտրուկ նվազում`  գրանցելով 0-ից ցածր ջերմաստիճան: Գյուղատնտեսությունը ցրտահարությունից պաշտպանելու և ցրտահարության դեմ պայքարի նախապատրաստական միջոցառումներ կազմակերպելու նպատակով այսօր Արմավիրի մարզի համայնքների ղեկավարների հետ  հանդիպեց  գյուղնախարար Սերգո Կարապետյանը և խորհուրդ տվել կիրառել ավանդական եղանակները:

Գյուղատնտեսների հաշվարկով՝ այս  գյուղատնտեսական տարին սովորականից 2 շաբաթ առաջ  ընկավ և ծիրանենիները շուտ ծաղկեցին, որոնց միակ փրկությունը ծղոտի, աթարի մնացորդներից կույտեր ստեղծել և գիշերը ծխացնենլ է: Հաջորդ պայքարի միջոցը առատ ոռոգումն է։

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ այսօրվանից Արաքս գետից և Ախուրյանի ջրամբարից բոլոր համայնքներին կմատակարարվի ոռոգման առատ ջուր, որպեսզի կարողանան գյուղացիները արագ կազմակերպեն ծաղկած ծառերի ոռոգումը այս կերպ նվազագույնին հասցնելով այգիների ցրտահարության վնասը: Գյուղնախարարն ու Արմավիրի մարզպետը եղան մարզի Մրգաշատ համայնքի ծիրանի այգիներում, որտեղ ծառերի էտից հետո խոնավ ճյուղերի խուրձերը  տեղաբաշխված էին ծառերի տակ, սակայն սրանով չէ, որ պատրաստվում են ծխահարման:

Համեստ Կիրակոսյանի  ծիրանի այգին շուրջ 6000 քմ է, բացի դրանից ունի սալորի և խաղողի այգի: Իրենք սկսել են նախապատրաստվել  նույնկերպ: Նա նշեց, որ իրենց գյուղի հողերը  հաճախ է բնական աղետներից վնասվում, անցած տարի նույնպես:

Օդի ցածր ջերմաստիճանը վտանգելու  է նաև ջերմոցային մշակաբույսերին: Ջերմոցներն անհրաժեշտ է ջեռուցել կամ ծածկել լրացուցիչ թաղանթով, լաթերով, որպեսզի չարչարանքն ու ծախսերն ապարդյուն չանցնեն, հորդորեց գյուղնախարարը:

Գյուղնախարարը մարտի 30-ին  իր ստեղծած աշխատանքային խմբերի հետ լինելու է Արմավիրի և  Արարատի մարզեւրում, խորհուրդներով աջակցելու  են գյուղացիներին: Նա հույս հայտնեց, որ եղանակի տեսության կանխատեսուըմները չհամապատասխանեն իրականությանը և գյուղատնտեսությունը վնաս չկրի:

Back to top button