Վերլուծական

Ավարտվում է Էրդողանի «փառավոր դարաշրջանը»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Նախընտրական շրջանում Թուրքիայում ներքաղաքական կրքերը հասել են գագաթնակետին: Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նկատում է, որ Էրդողանն ու իր կուսակցությունը կանգնած են երկու կարեւոր հենակետեր` Անկարան եւ Ստամբուլը կորցնելու առջեւ: «Ավարտվում է Էրդողանի «փառավոր դարաշրջանը»: Մյուս ընտրություններին մարդիկ այլ կերպ են ընտրելու. արդեն օգոստոսին նախագահական ընտրություններ են: Այն այս ընտրությունների հետ կապված կլինեն եւ ինչ ձեւով կհավաքվեն ձայներ` պարզ կլինեն նաեւ խորհրդարանական ընտրությունների հետ կապված զարգացումները»:

Անդրանիկ Իսպիրյանը չի կիսում փորձագետների այն վերլուծությունները, ըստ որոնց` հայերին ձեռնտու է Էրդողանի իշխանությունը: Խոսելով Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերի ընդդիմադիր թեկնածուների` հայերի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին՝ փորձագետը եզրակացնում է. «Ընդդիմադիր թեկնածուի ընտրությունը հայ համայնքի համար որեւէ բացասական նշանակություն չի կարող ունենալ»:

Ի տարբերություն Էրդողանի դեմ ուղղված վերջին շրջանի սկանդալային բացահայտումների` Սիրիայի հետ կապված թուրք բարձրաստիճան պաշտոնյաների զրույցի գաղտնալսման բացահայտումը, ըստ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի, փոքր ինչ այլ ոլորտից է: «Իրականում բացահայտումներն ուրիշ նպատակ են հետապնդում` ցույց տալու, որ իշխանությունները հանուն ընտրությունների, հանուն իրենց շահերի երկիրը պատերազմի են տանում, երկիրը արյունահեղության են տանում»:

Թուրքական իշխանությունները, սակայն, դա փորձում են օգտագործել իրենց օգտին` ցույց տալով, թե ազգային անվտանգության խնդիր է, սակայն ինչ անվտանգության մասին կարող է խոսք լինել, երբ ակնհայտ դավադրության մասին է խոսվում: Հարցի հետ կապված` առայժմ կա միայն ՄԱԿ-ի արձագանքը, թե չի խրախուսում ընդդիմությանը զենքի փոխանցումը: Այս առթիվ թուրքագետն այսպիսի դիտարկում ուներ. «Շատ մեղմ էր սա: Խիստ քննադատություն չէր: Ցավոք սրտի՝ Արեւմուտքի կողմից աջակցվում է սա եւ դրա շրջանակներում է խիստ քննադատության բացակայությունը»:

Թուրքագետը նաեւ նկատեց, որ ի տարբերություն նախկինում հայկական բնակավայրերի հայաթափմանը, Քեսաբի իրադարձություններին հայկական լրատվամիջոցները բավականին արագ արձագանքեցին, ինչն էլ ունեցավ արդյունք: Հայաստանյան լրատվամիջոցների հրապարակումներին լայնորեն անդրադարձել են նաեւ թուրքական լրատվամիջոցները:  Ինչ վերաբերում է թուրքական կողմից հնչած հայտարարությանը, թե Քեսաբի հայերը կարող են ապաստան ստանալ Թուրքիայում, վերլուծաբանի գնահատմամբ, ցինիզմի դրսեւորում է եւ պարզապես ծաղր` ուղղված միջազգային հանրությանը:

Թուրքագետը կարծում է, որ Արեւմուտքի արձագանքը դեռ կլինի, որից հետո, ըստ նրա, այդ արձագանքներին կպատասխանի նաեւ Ռուսաստանը:

Back to top button