ԱՆ.«Համաճարակային իրավիճակը մեր հանրապետությունում վերահսկելի է»


Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում շրջանառվում էր հանրապետությունում գրիպի եւ սուր շնչառական հիվանությունների համաճարակի մասին: ԱՆ -ն այսօր հերքել է տեղեկությունը՝ լրագրողներին ներկայացնելով հանրապետության համաճարակային իրական պատկերը: Համաճարակային իրավիճակը մեր հանրապետությունում վերահսկելի է, ասել է ԱՆ մասնագետը:
«Մեր հանրապեությունում այսօր համաճարակային իրավիճակը վերահսկելի է: Շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ չկան», այսօր հայտարարեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների և աղիքային վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Նրա խոսքով՝ որոշ լրատվամիջոցների հրապարակումները՝ կապված համաճարակային իրավիճակի հետ, ճիշտ չեն:
«Այն թվերը, որոնք այսօր անձանագրվում են, կրկնակի քիչ են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից»:
«Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տրամադրած օպերատիվ տվյալները ևս արձանագրում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, այս տարի նվազել են սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով կանչերը, ասաց մասնագետը:
Լիանա Թորոսյանի խոսքով՝ հանրապետությունում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը, որը զիջում է H1N1 ենթատեսակին:
Ինչ վերաբերվում է մանկական պրոֆիլի բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում այս օրերին դիտվող ավելի խոցելի խմբի՝ 0-2 տարեկան երեխաների դիմելիության աշխուժացմանը՝ պայմանավորված է նաեւ մինչեւ ստացիոնար բուժմանը դիմելը առաջնային բուժօգնության ծառայությունները շրջանցելով:
«Նախարարը բոլոր մանկական ստացիոնարներին հանձնարարական է տվել, որ ոչ մի դիմողի չմերժեն։ եթե ծնողը ցանկանում է, որ իր երեխան բուժում ստանա հիվանդանոցում, ապա ընդունեն նրան: Բայց առիթը օգտագործելով պետք է կոչ անեմ, նախքան ստացիոնար դիմելը նախ դիմել առաջնային բուժօգնության»:
Ի դեպ՝ որպես հավելում Լիանա Թորոսյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ մայրաքաղաքի պոլիկլինիկաներում շաբաթ-կիրակի օրերին սահմանված է հերթապահություն. շատերը գուցե դրա մասին չգիտեն, եւ հենց դա է պատճառը, որ այդ օրերին ստացիոնարներում մեծանում է դիմելիությունը: «Հերթապահությունների նպատակը ստացիոնարների աշխատանքը թեթևացնելն է»,-նշեց ԱՆ մասնագետը: