ԿարևորՀասարակություն

ԱԴ-ն սկսել է «Կուտակային կենսաթոշակների» մասին վիճահարույց օրենքի սահմանադրականության հայցի քննարկումը (լուսանկարներ)

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Սահմանադրական դատարանն այսօր սկսել է «Կուտակային կենսաթոշակների» մասին վիճահարույց օրենքի սահմանադրականության հայցի քննարկումը՝ ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի հայցով, որը ՍԴ էր ներկայացվել անցյալ տարվա դեկտեմբերի 17–ին: Հիշեցնենք, որ օրենքի պարտադիր բաղադրիչը տարածվում է 1974 թվականից հետո ծնված ՀՀ քաղաքացիների վրա, որոնք այս տարվա հունվարի մեկից պարտավոր են իրենց աշխատավարձի նվազագույնը 5 տոկոսը տրամադրել կենսաթոշակային հիմնադրամներին:

Հայցի հիմնական գաղափարախոսությունն այն է, որ ՀՀ քաղաքացու սեփականությունը տնօրինելու իրավունքը հակասահմանադրական է:

Մինչ նիստի սկսվելը ՍԴ անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը ներկայացրել է այն նախապատրաստական աշխատանքը, որը կատարվել է դատարանի կողմից. ուսումնասիրվել են մեծ թվով նյութեր և փաստաթղթեր, ուսումնասիրվել է շուրջ 50 երկրների փորձ՝ կենսաթոշակային ոլորտում բարեփոխումների վերաբերյալ, 30–ից ավելի օրենքների վերլուծություն, որոնք վիճարկվող օրենքին հետ իրավահարաբերություններ ունեն: Իսկ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կողմերին բացատրեց այն ընթացակարգը, որով աշխատելու են:

Տեղեկացնենք, որ դիմող կողմից բանավոր զեկույցներով հանդես են եկել արդեն ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, այս պահին շարունակվում է իրավապաշտպան Մերի Խաչատրյանի զեկույցը, ում կհաջորդի Արտակ Զեյնալյանը, իսկ որպես պատասխանող կողմ հանդես կգան՝ Կենտրոնական բանկի տեղակալ Ներսես Երիցյանը, Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի կարգավորման մասնագետ Վիգեն Շահնազարյանը:

Ներկայացնում ենք ժամը 12.00 -ի թողարկման սահմանադրականության հայցի քննարկման մասին պատմող ռեպորտաժը

Back to top button