ՀասարակությունՏեսանյութ

«Մեկ հայ՝ մեկ հոդված». նախագիծ՝ մեր սերունդների համար

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Վիքիմեդիայի գրասենյակում այսօր ներկայացվել է մարտի 24-ից մեկնարկած «Մեկ հայ՝ մեկ հոդված» նախագիծը: Ծրագրի գլխավոր նպատակներից է, որ մեզանից յուրաքնչյուրն առնվազն մեկ հայերենով խմբագրված հոդված տեղադրի hy.wikipedia.org կայքում: Արշավին արդեն իրենց մասնակցությունն են ցուցաբերել քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ, ինչպես նաեւ նրանք, ում համար ուղղակի հետաքրքրական է ազատ հանրագիտարանում աշխատելը: Հիշեցնենք, որ հայերեն Վիքիպեդիան ունի 114 544 հոդված։

Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Վիքիմշակույթը ՝ ստաղծագործ մշակույթը մտնի մեր առօրյան, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վիքիմեդիայի տնօրեն Սուսաննա Մկրտչյանը, հավելելով, որ սա հսկակայական ազդեցություն կունենա ազգի ներուժը օգտագործելու, զարգանալու եւ կրթության մակարդակը բարձրացնելու համար:

«Ամեն շաբաթ լինելու է հանդիպում տարբեր բնագավառների ներկայացուցիչների հետ, վաղը հանդիպելու ենք նկարիչների հետ, մյուս շաբաթ ՝ գրողների: Կոչ եմ անում բոլոր մտավորականներին, որ ակտիվ լինեն: Մենք ամեն կերպ կաջակցենք, որ իրենց կյանքում ներդրվի սա: Թվում է, թե սա ավելորդ գործ է, բայց մենք գրում ենք մեր սերունդների համար»:

Ինչպես հայտնի է թե’ անգլերեն վիկիպեդիայից եւ թե’ ռուսերենից հայկականը հետ է մնում: Իսկ ինչ վիճակում է Հայաստանը տարածաշրջանի երկրների համեմատությամբ, լրագրողի հարցին ի պատասխան Վիքիմեդիա-Հայաստան խորհրդի անդամ Մհեր Բեքարյանը վստահեցրեց, որ մեր հարեւաններից շատ ավելի լավ վիճակում ենք՝ չնայած համեմատելու կարիք չկա:

«Ընդհանրապես ցանկալի չէ համեմատել, մենք առաջ ենք մեր հարեւաններից, բայց ուզում եմ ասել, որ մենք ավելի շատ որակի վրա ենք աշխատում, քան՝ քանակի: Մենք ուզում ենք ավելացնել ընտրյալ հոդվածների թիվը եւ ուզում ենք այնպես անել, որ հայերեն վիկիպեդիա մտնողը չփոշմանի»:

Ի դեպ՝ հավելենք, որ այս տարի լրանում է հայերեն վիքիպեդիայում առաջին հոդվածի 10 տարին:

Back to top button