Հասարակություն

Հանրային պահանջը համարել նախապայման` վիրավորական է եւ ոչ կոռեկտ. «Դեմ եմ»-ի անդամ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այսօր խոսել են վաղը կայանալիք ՍԴ քննարկման ընթացքում իրենց անելիքների մասին: Նրանք հայտնել են, որ վաղը կանցկացնեն միայն մեկ միջոցառում` լուռ ակցիա ՍԴ-ի դիմաց: Լուռ, որովհետեւ հարգում են ՍԴ ինստիտուտը եւ չեն ցանկանում ավելորդ խոչընդոտներ ստեղծել: Բարձր դատարանից ակնկալիքներ ունեն, սակայն եթե դրանք չարդարանան, ապա` հետագա քայլերի մասին նույնպես մտածել են եւ դրանք կներկայացնեն հանրությանը:

Պայքարն սկսվել է պարտադիր բաղադրիչի դեմ եւ այն որպես նախապայման ընդունել չի կարելի` այսպես արձագանքեցին «Դեմ եմ» նախաձեռնության անդամները կառավարության աշխատակազմի ղեկավար-նախաար Վաչե Գաբրիելյանի` երեկ արած այն հայտարարությանը, թե կառավարության հետ նախապայմանների լեզվով չխոսելու դեպքում պատրաստ են քննարկել խնդիրը: Զարմանալի է, որ հանրության պահանջը ընկալվում է որպես նախապայման` տարակուսեցին նրանք:

«Ժողովրդավար պետության մեջ հանրային պահանջը դա աքսիոմա է, հրամայական: Հանրային պահանջը համարել նախապայման, կարծում եմ, վիրավորական է եւ ոչ կոռեկտ»:
«Դեմ եմ» նախաձեռնությունը վաղը կազմակերպելու է լուռ ակցիա ՍԴ-ի դիմաց: Տեղեկացնելով այդ մասին` նախաձեռնության անդամներից Սեւակ Ծատուրյան լուռ ակցիայի իմաստը բացատրեց հետեւյալ կերպ.
«Հարգելով ՍԴ ինստիտուտը մենք փորձում ենք հնարավորինս չխոչընդոտել ՍԴ աշխատանքը: Լինելով լուռ` չի նշանակում, որ այդ օրը մենք ասելիք չենք ունենա: Մեր ասելիքն ասելու ենք պաստառների եւ այլ ձեւերով, որի մասին կիմանաք արդեն հենց ՍԴ դիմաց»:
Նախաձեռնության անդամներից Արսեն Բաղդասարյանն իր հերթին շեշտեց, թե վաղը ժամը 12-ին ՍԴ-ի դիմաց լուռ, սակայն նաեւ իրենց կրեատիվ մոտեցմամբ կասեն այն, ինչ պետք է ասեն: Թիմի անդամներից Գրիգոր Պետրոսյանի փոխանցմամբ էլ` հիմնականում երկու ուղղերձ ունեն:

«Առաջինն ուղղված է ՍԴ-ին` անաչառ որոշում կայացնելուն: Երկրորդը` մեր լռությամբ ցանկանում ենք ցույց տալ, որ պետք է հարգել դատական ինստիտուտը եւ ճնշումներ չգործադրել նրա վրա»:

Նախաձեռնության հերթական ակցիայի նման բնույթն անդամները բացատրեցին նաեւ այն հանգամանքով, որ ՍԴ-ն ավելորդ խոչընդոտ չունենա հանգիստ աշխատելու համար, որ նիստն ավելորդ անգամ չհետաձգվի եւ լինի հարցի վերջնական լուծում: ՍԴ-ից էլ ակնկալիքները մեծ են, իսկ եթե չարդարանան դրանք, ապա` հետագա պայքարի միջոցների մասին էլ հոգ են տարել:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամները տեղեկացրին նաեւ, որ վաղն իրենք միայն մեկ միջոցառում ունեն: Խնդրի առնչությամբ այլ ուժեր նույնպես ակցիաներ են կազմակերպել, ինչը նորմալ են համարում, սակայն անհրաժեշտություն են տեսնում հայտարարելու, որ դրանք «Դեմ եմ»-ի հետ կապ չունեն: Տղաներն ասացին, թե նախորդ հանրահավաքից հետո «Դեմ եմ»-ի տարբերանշանով դրոշներ են պակասել եւ մտահոգություն ունեն, որ դրանք կարող են հայտնվել այլ միջոցառումներում, ինչը իրենց համար ցանկալի չէ:

Back to top button