Քաղաքական

Հայաստանում է ՆԱՏՕ- ի ԽՎ պատվիրակությունը. քննարկվել է նաեւ ՄՄ-ի անդամակցության գործընթացը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի ՆԱՏՕ-ի գործընկերության գծով ենթահանձնաժողովի պատվիրակությանը։ Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում, նշելով, որ նման այցելությունները լավ հնարավորություն են՝ ծանոթանալու Հայաստանի մարտահրավերներին և մտահոգություններին, ինչպես նաև քննարկելու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Սերժ Սարգսյանը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցությունը, որը, նախագահի խոսքով, հանդիսանում է Դաշինքի հետ Հայաստանի հարաբերությունների կարևոր մասը: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունենում տարբեր կոմիտեների աշխատանքներին, նաև այլ կարևոր միջոցառումներին, ինչպիսին է օրինակ՝ «Ռոզ-Ռոթ» սեմինարների շարքը:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ձևավորված արդյունավետ և կառուցողական համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում: ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունը, ըստ նախագահի, կրում է շարունակական բնույթ. Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղության ապահովման առաքելություններին, զինված ուժերում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի նպատակով մեր երկիրը միացել է ՆԱՏՕ-ի «Բարեվարքության կառուցման» հայեցակարգին, աշխատանքներ են տարվում ստեղծելու ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամ, որը կօգտագործվի ոչ պիտանի զինտեխնիկայի ոչնչացմանը և Հայաստանի ականազերծման կարողությունների զարգացմանն աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Զրուցակիցների համոզմամբ՝ այս ամենը վկայում է այն խորը և ընդգրկուն օրակարգի մասին, որ ձևավորվել է Դաշինքի հետ Հայաստանի սերտ և բազմամյա համագործակցության արդյունքում, ինչն էապես օգնում է Հայաստանի պաշտպանության և անվտանգության համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը: 

Հայաստան-ՆԱՏՕ Գործընկերության զարգացման համատեքստում, նախագահ Սերժ Սարգսյանը և ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակության անդամներն անդրադարձել են Անհատական գործընկերության գործողությունների ծրագրին:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին վերաբերող հարցերի շուրջ:

ՆԱՏՕ- ի ԽՎ պատվիրակության անդամներն այսօր հանդիպումներ են ունեցել նաեւ ԱԳ եւ պաշտպանության նախարարների հետ։

Back to top button