ԿարևորՀասարակություն

Արդարացի՞ են արդյոք ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար կիրառվող տուգանքները (լրացված է)

լրացված է ժամը 16։05- ին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հերթական հինգշաբթին կառավարությունում. գործադիրի ուշադրության կենտրոնում են վերջին շրջանում հանրությանը հուզող խնդիրները: Քաղաքացիները դժգոհում են արագաչափերից ու տուգանքներից, նրանց մի մասն էլ  փնտրում էր տարիներ առաջ  վաճառված ու  պարտադիր ավտոապահովագրություն չանցած  մեքենաների նոր սեփականատերերին,  փնտրտուքների  ճանապարհին նրանք  մինչև դեկտեմբերի 31- ը չեն տուգանվի:  Սա այսօր հաստատված կառավարության որոշումներից մեկն է։ Գործադիրի որոշմամբ՝ կառավարությունը ևս կաջակցի սահմանամերձ  բնակավայրերի գնդակոծության տակ գտնվող ու չմշակվող  հողերի սեփականատերերին: Աղքատության հաղթահարման ռազմավարական ու կայուն զարգացման ծրագրերին  այսօրվանից հաջորդելու է   Հայաստանի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը:  Այն եւս  հաստատվել է կառավարության նիստում։

Անդրադարձ հանրությանը հուզող և վերջին շրջանում առավելագույնս դժգոհությունների առիթ դարձած արագաչափերին ու ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար կիրառվող տուգանքներին: Քաղաքացիների դժգոհության ձայնն այս անգամ կրկին կառավարություն հասավ, բոլոր հարցերի պատասխանները կտրվեն շուրջ երկու ամիս անց, արդարադատության նախարարությունում ստեղծվող աշխատանքային խմբում կներառվեն  բոլոր շահագրգիռ կողմերը։ Սա  վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականն է:

Քաղաքացիները ոչ թե արագաչափերից են դժգոհում, այլ՝  հայաստանյան օրենսդրությունից, դժգոհության իրական քողն այսօր իջեցրեց  արդարադատոթյան նախարար Հրայր Թովմասյանը:   Նախատեսվող կամ քննարկվող օրենսդրական փոփոխությունները նախարարը  պատկերավոր է ներկայացնում. «Մենք սապոնաջրի հետ նաև երեխային դեն նետեցինք, և անկախ այն հանգամանքից, թե այդ մեքենան կարմիր լույսի տակով միտումնավոր է անցել՝ ցույց տալով, որ ինքը դա կարող է  անել, հեչ իր վեջն էլ չի, կարող է նաև տուգանքը վճարել, թե կարմիր լույսի տակ ընդամենը աջ շրջադարձ է կատարել, որովհետև հղի կնոջն էր հիվանդանոց  տեղափոխում։ Մենք սրանց միջև տարբերակում չենք դրել։ Կամ եթե հոծ գիծը հատել է, ապա 5 սմ հատել է, թե ամբողջությամբ է  հատել և վթարային իրավիճակ է ստեղծել, մենք սրանց միջև էլ տարբերակում չենք դնում։ Իրականում կյանքը շատ բազմազան է, վարչապետի այսօրվա հանձնարարականն իր մեջ ներառում է նաև այն, որ մենք այս դեպքերին էլ պետք է անդրադառնանք»,- ասաց նախարարը։

Վիճակագրությունը փաստում է՝ վթարների հիմնական պատճառներից են ղեկին նստած վարորդի սիգարետն ու  բջջային հեռախոսը: Երեխաների մահվան ելքով վթարների պատճառներն էլ հիմնականում  երեխաներին առջևում նստեցնելն է կամ էլ տվյալ մեքենայում անվտանգության կանոնները չպահպանելը: Տուգանվող գումարի  չափերն  այս դեպքում  գուցե բարձրանան: Վարորդները օբյեկտիվորեն  դժգոհում են նաև ճանապարհային երթևեկության նշաններից։ «(բյեկտիվ դժգոհություն կա շատ վարորդների կողմից, որ որոշ դեպքերում անհնարին է ընդհանրապես խախտում չկատարելը»։

Ի դեպ՝ վերջին չորս տարիներին (այս տարվա առաջին երկու ամիսները ներառյալ) հանրապետություն է ներկրվել 119520 մեքենա, նեմուծվող մեքնենաների  թվի աճին զուգահեռ  վթարների թվի ավելացում է  կանխատեսվում: Մինչ  արդարադատության նախարարությունում նոր աշխատանքային խումբ կձևավորվի, նախարարության աշխատակիցներն ու  ոստիկանությունը կփորձեն  աջակցել ու գտնել  տարիներ առաջ վաճառած ու համապատասխան իրավական խնդիրները վերջնակետին չհասցրած քաղաքացիներին։ Նրանք մինչև տարեվերջ չեն տուգանվի։ 

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը: Մամուլի հրապարակումներին հղում անելով վարչապետ Տիգրան Սարգսյանը էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսիյանից հարցրեց. «Սա նշանակում է, որ մենք հրաժարվում ենք նոր ատոմակայանի կառուցման մեր ծրագրից»։

Պարզվեց՝ ոչ,  պարզապես աշխատանքները դանդաղել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ու  աշխարհաքաղաքական գործընթացների պատճառով: Նոր էներգաբլոկը կկառուցվի առաջիկա 15 տարիների ընթացքում:  Արդեն նիստից հետո Արմեն Մովսիսյանը լրագրողների խնդրանքով հստակեցրեց նաև «Նաիրիտ»  գործարանի   վերագործարկման հետ կապված որոշ հարցեր։ Ի դեպ՝ նախարարը հայտարարեց, որ աշխատավարձերի կուտակված պարտքը մարելու նպատակով վերցված վարկերը բյուջեի հետ որևէ կապ չունեն։ Թե երբ կվերագործարկվի գործարանը, պարզ չէ, պարզ է սակայն, որ վերագործարկվելու է, «բանակցությունները շարունակվում են, հիմա տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները ավարտին են մոտենում»։

Աղքատության հաղթահարման ռազմավարական ու կայուն զարգացման ծրագրերին  այսօրվանից կհաջորդի  Հայաստանի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը: Այն ներառում է 2014-2025թթ: Պատասխանատուները վստահեցնում են, որ ծրագիրը քննարկվել ու հաստատվել է քաղաքացիական հասարակության անդամների հետ համատեղ: Հիմնական, ասյպես ասենք,  նշանակետը զբաղվածության ընդլայնումն է, մինչև 2017թ նախատեսվում է  շուրջ 60 հազար նոր աշխատատեղ ստեղծել՝  բարձր աշխատավարձերով, 2025  թ. էլ   մեր երկրում աղքատությունը նվազեցնել  ու հասցնել 13 տոկոսի»։

Back to top button