Հասարակություն

Քայլեր պատմության սև էջը մոռացումից փրկելու համար

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»-ԱՄՆ

Արարատ-Էսքիջիան թանգարանի նախաձեռնությամբ Լոս Անջելեսում գումարված միջազգային համաժողովը նվիրված էր նրանց, ովքեր 1915-30-ական թվականներին Հայոց ցեղասպանսւթյունից տուժած հարյուրավոր հայերի են օգնել փրկվել ու նոր կյանք սկսել: Բանախոսները ներկայացրին մանրամասներ, թե ինչպես է աշխարհն այդ օրերին համախմբվել` բառացիորեն երկրորդ անգամ մահից փրկել թուրքական սպանդից հետո հրաշքով ողջ մնացածներին: Ստեղծվել են 100-ավոր որբանոցներ, միջազգային հանրության կողմից ավելի քան 118 մլն դոլար է ծախսվել` օգնելու հայ ժողովրդին: Միայն ամերիկյան` Մերձավոր արևելքի օգնության ֆոնդը փրկել է 132 հազար որբերի, որոնց ավելի քան 80 տոկոսը եղել են հայ երեխաներ: Այս փաստերն այսօր հիշելը, օտար պետությունների բարեսիրության մասին այսօր խոսելը այդ երկրների կառավարություններին ու աշխարհին Հայոց ցեղասպանության մասին ևս մեկ անգամ հիշեցնելու լավ միջոց է, ասում է Հայկ Դեմոյանը:

2015 թվականին ընդառաջ` նման համաժողովները, մասնակիցների կարծիքով, պետք է հաճախակի լինեն, քանի որ թույլ են տալիս ահռելի պատմական նյութը շրջանառության մեջ դնել, իրազեկել ու բացահայտել նոր փաստեր: Հայկ Դեմոյանն, օրինակ, ներկայացրեց ցեղասպանությունից փրկված Ավրորա Մարդիգանյանի`վերջերս բացահայտված պատմությունը. կին, ով միայնակ հասել էր ԱՄՆ ու Հոլիվուդյան ֆիլմի միջոցով աշխարհին պատմել իր ու իր ժողովրդի պատմությունը: «Հոշոտված Հայաստան»  ֆիլմից այսօր շատ փոքր հատված է պահպանվել, բայց դա էլ բավական է` ամեն ինչ վերհիշելու ու աշխարհին նորից պատմելու համար: Մեկ այլ ֆիլմ` Ցեղասպանության որբերը վերնագրով, ամերիկյան հանրությանը ներկայացնում է, թե ինչպես են թուրքերը տանջել, հավատափոխ արել կամ սպանել եղեռնից փրկված հայ մանուկներին:

Հետաքրքրական է, որ ֆիլմի հեղինակ Բարետ Մարոնյանին հաջողվել է գտնել հայ որբուկներից մեկի հագուստը, ով փրկվել է Ադանայի կոտորածից, ոտքով հասել Հաճն, ապաստանել որբանոցում, ապա փախչել ԱՄՆ:

Հայոց ցեղասպանության ականատեսների մեկ այլ փաստագրություն` վավերագրող Մայքլ Հակոբյանի արխիվը, նույնպես շուտով հասանելի կլինի հանրությանը համացանցի միջոցով, նաև Երևանում, Ցեղասպանության թանգարանում, հայտնեց ռեժիսոր Կառլա Կարապետյանը:

«Վերջին երեք տարիների ընթացքում մենք նախապատրաստում ենք 400 ականատեսների վկայությունները, ընդ որում, ոչ միայն հայերի, այլև արաբների, միսիոներների: Դա մեր պատմությունն է, մեր ցավը, բայց նաև աշխարհի պատմությունն է»:

Ամեն մի հայ պետք է իր պատմությունը պատմի, ասում է Կալիֆորնիայի երբեմնի նահանգապետ Ջորջ Դուքմեջյանը: Նա տարբեր երկրների դիվանագետներին հաձնեց խորհրդանշական պարգևներ` իբրև երախտագիտության նշան` անցած դարասկզբին եղեռնից փրկվածներին օգնելու համար:

«Մենք պետք է փորձենք մարդկանց մեծ շրջանակի հասցնել մեր պատմությունը, իրազեկել: Մենք դեռ երիտասարդ էինք, որ ակնկալում էինք, որ Ամերիկան ու աշխարհը ավելի ու ավելի շատ խոսեն Հայոց ցեղասպանության մասին, բայց ժամանակը ձգվում է, դա տեղի չի ունենում: Մենք պետք է ամեն մեկս մեր բնակության երկրի ղեկավարներին հորդորենք` խոսել այդ մասին: Ցավոք` Ամերիկան որոշ համաձայնագրեր ունի Թուրքիայի հետ, գործակցում են նաև ՆԱՏՕ-ի շրջանակում, այդ ամենը ավելի դժվար է դարձնում`նախագահին ստիպել Թուրքիայի առջև բարձրացնել այդ հարցը: Թեև այս տարիներին մենք արձանագրել ենք որոշ հաջողություններ, բայց դեռ պետք է շարունակենք ջանքերը` աշխատանքն ընդլայնելու և միջազգային հանրության իրազեկման միջոցով հաջողության հասնելու համար», ասում է Ջորջ Դուքմեջյանը:

Համաժողովին մանսակցելու նպատակով Լոս Անջելես ժամանած հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկը հայերին հորդորում է 100-ամյա տարելիցի շեմին ակտիվորեն փնտրել ու տարածել ցեղասպանության մասին նոր փաստեր: Նա ինքը ներկայացրեց վերջերս Բրիտանիայում տպագրված մի սպայի հիշողությունները, որոնցում կա հայերի խոշտանգման տեսարանների նկարագրությունը: Նման նոր փաստերի հայտնաբերումը, հատկապես օտարների գրածներում, լավ գործիք է արդյունքի հասնելու համար, ասում է Ֆիսկը:
Նա հորդորեց նման միջոցառումներին հրավիրել նաև թուրքական կառավարության անդամներին:

«Թուրքիային իր պատմությունը ճանաչել տալու համար միայն մի բան կարող եք անել. թուրքերին նույնպես ներգրավել այս միջոցառումներին: Մյուս բանը, որ կարող եք անել` պատվեք այն քաջ թուրքերի հիշատակը, ովքեր փորձել են փրկել հայերին, և այդ միջոցառմանը հրավիրեք թուրքերին: Անպայման կգան, ու եթե գան, հաջորդ քայլը ճանաչումն է», մեզ հետ զրույցում ասաց լրագրողը:

Ռոբերտ Ֆիսկի մեկ այլ դիտարկմամբ, անհրաժեշտ է, նրա բնորոշմամբ, Հայկական հոլոքոստի հասցեատեր դարձնել նաև օտարներին, մեր ազգի ողբերգությունը, անհատների պատմությունները նույնականացնել այլ ազգության մարդկանց հետ, ինչը նրա կարծիքով միակ ճանապարհն է մոռացումից փրկել պատմության այդ սև էջը 100-200 կամ 1000 տարի հետո:

Back to top button