Քաղաքական

Սիրիահայերը պահանջում են դատապարտել Թուրքիայի դերակատարությունը Քեսաբի հարցում

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Հալեպի Ազգային իշխանության ներկայացուցիչներ Ներսես Սարգիսյանը եւ Կարո Յուզբաշյանն այսօր «Ուրբաթ» ակումբում խոսել են Քեսաբի ողբերգության եւ սիրիահայ համայնքի հետագա ճակատագրի մասին: «Քեսաբացիները միևնույն է վերադառնալու են իրենց բնօրրանը: Կիլիկիայի վերջին մնացորդները վտանգված են»,- հայտարարել են սիրիահայերը ու ընդգծել, որ հարկ չկա կամավորական խմբեր մեկնեն Սիրիա։ Խնդիրը պետք չէ շահարկել, այլ հարկավոր է կարևորել Սիրիայի տեղական մարմինների կարծիքը, և մարդասիրական օգնություն առաքել, ասել են։

«Թուրքերը բացել են սահմանը և ապահովել ահաբեկիչների մուտքը հայաշատ Քեսաբ», -հայտարարում են սիրիահայերը և պահանջում միջազգային հանրությունից քաղաքական քողի տակ չդիտարկել զինյալների ներխուժը Քեսաբ և դատապարտել Թուրքիայի գործողությունները: «Թուրքական գործոնը Քեսաբում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ տեսանելի էր ինչպես  քաղաքական օժանդակությամբ, այնպես էլ զինված անձանց մուտքի ապահովման առումով: Եվ Հայաստանի իշխանությունները կարող են այս փաստը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ բարձրացնել և ցույց տալ թուրքի իրական դեմքը»,- ասում է Կարո Յուզբաշյանը։

Ներսես Սարգիսյանը խոսելով քեսաբցիների ճակատագրից՝ տեղեկացրեց, որ մի քանի հայ ընտանիք այդպես էլ չեն կարողացել լքել քաղաքը, ու նրանցից լուր չունեն։ Մեծամասնությունը ապաստանել է  Լաթաքիայում: Քեսաբցիների տուն վերադարձի հարցում դեռ պետք է  սպասել:

Հնարավո՞ր է սիրիահայ փախստականների նոր ալիք. Կարո Յուզբաշյանը պատասխշանեց, որ այսպես թե այնպես Սիրիայից դուրս եկող հայի առաջին ուղղությունը Հայաստանն է կամ Արցախը։ եթե այդ մարդիկ երկրագործ են, ցանկություն է առաջանում հաստատվել Արցախում, եթե արհեստավոր են՝ Հայաստանում:  

Բանախոսներն անդրադարձան նաև ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանի հայտարարությանը,  ԱԺ պատգամավորների՝ Լաթաքիա այցին, Սիրիայում  ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի՝ սիրիահայերի հետ հանդիպմանը, արված հայտարարություններին և գործողություններին: Հալեպի Ազգային իշխանության ներկայացուցիչների խոսքով՝ այդ ամենը մարդկային, զգացական դաշտում է, կարևորն այն է, որ  միջազգային ատյաններում թուրքական դերակատարությունը դատապարտվի, ինչպես դա արեցին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի եւ ԱՄՆ գրասենյակները։

Back to top button