Սպորտ

Սարգիս Սարգսյանը՝սանդա-ուշուի ոսկե մեդալակիր

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Աշնանը նախատեսվող ուշուի երիտասարդների աշխարհի մրցաշարը անսպասելիորեն տեղափոխվել է գարուն: Չնայած քիչ ժամանակին` մեր մարզիկները պատշաճ կերպով անցկացրել են ուսումնամարզական հավաքաները և Թուրքիայում կայացած ուշուի աշխարհի պատանիների 5-րդ մրցաշարից վերադարձել փայլուն հաղթանակով` ոսկե մեդալով` չնայած որ մրցապայքարներն անցել են մրցավարական ակնհայտ խարդախություններով, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը:

Մարտի 11-ից 17-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացել է ուշուի աշխարհի պատանիների 5-րդ առաջնությունը: Մրցաշարին մասնակցել է 56 երկրների ուժեղագույն թիմերը: Մասնակցել է նաև Հայաստանի 8 հոգուց բաղկացած հավաքականը: Մարզիկներից 4-ն ուժերը չափել են Թաոլու մրցաձևում և չեն գրանցել բարձր արդյունք: Մյուս 4-ը մեդալների համար պայքարել են Սանդա մրցաձևում և 48 կգ քաշային կազմում հավասարը չի ունեցել Սարգիս Սարգսյանը:

«Անցկացրել եմ 3 մենամարտ, բոլորն էլ դժվար էին: Ուժ էր տալիս, որ Թուրքիայում եմ և պետք է ամպայման հայոց հիմնը հնչի Թուրքիայում ու բարձրանամ մեր դրոշը և բոլորը տենան դա»:

Արարատցի 17 –ամյա մարզիկն առաջին մենամարտում հաղթել է Ղազախստանի ներկայացուցչին, կիսաեզրափակչում առավելության է հասել Եմենի ներկայացուցչին, իսկ եզրափակչում հաղթել հնդիկ մարզիկին` նվաճելով աշխարհի չեմպիոն կոչումը:

Հավաքականը հպարտանում է այս հաղթանակով: Թուրքիայի հավաքականն այս առաջնությունում հաղթանակ չի գրանցել և Անթալիայի Քեփեզ մարզադաշտում հնչել է մեր հանրապետության պետական օրհներգը և բարձրացվել մեր երկրի եռագույնը:

Ապրիլի 25-ին էլ Երևանում կմեկնարկի ուշուի միջազգային մրցաշարը, որը նվիրված է ցեղասպանության զոհերի հիշատակին: Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցելու է 160 ուշուիստ: Թուրքիան կմասնակցի թե ոչ դեռևս պարզ չէ:

Back to top button