Հասարակություն

Հարցվածների 67 տոկոսը դեմ է բարեփոխումների պարտադիր բաղադրիչին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի նախաձեռնությամբ 2013թ դեկտեմբերից 2014թ փետրվարն ընկած ժամանակահատվածում ԱՄ Քոնսալթինգ ընկերության կողմից իրականացվել է բազային հետազոտություն՝ պարզելու համար կենսաթոշակային և սոցիալական ծառայությունների, համակարգերի բարեփոխումների վերաբերյալ: Հարցվածների 67 տոկոսը դեմ է բարեփոխումների պարտադիր բաղադրիչին, 49 տոկոսի կածիքով յուրաքանչյուրը պետք է ընտրության հնարավորություն ունենա: Որքանո՞վ են մարդիկ տեղյակ կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր ու կամավոր բաղադրիչներից ու ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրումից, ինչ կարծիք ունեն բարեփոխումների վերաբերյալ:

Հետազոտություն՝ պարզելու համար որքանով են մարդիկ տեղյակ կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր ու կամավոր բաղադրիչներից, ինչպես նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրմանը ու ինչ կարծիք ունեն դրանց մասին: Այսպես ասենք, թիրախում մայրաքաղաքն է, Արարատի ու Կոտայքի մարզերը: Հարցման է ենթարկվել 1200 տնային տնտեսություն, ընտրվել է հարցման դեմ առ դեմ սկզբունքը, հարցումներն իրականացվել են 18-62 տարեկան անձանց շրջանում: Հարցվածների 15 տոկոսն է միայն մասնակից եղել կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչին: Հարցումներն ավելի շատ մերժվել են Երևանում: Հարցվածների 86 տոկոսը տեղյակ է , որ Հայաստանում մեկնարկել է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը: Ընդորում պարտադիր բաղադրիչին մասնակից հարցվողների 10 տոկոսը տեղյակ չէ, որ Հայաստանում բարեփոխումներ են իրականացվում:

Փորձել են պարզել նաև, թե ինչ գիտեն հարցվածները բարեփոխումների նպատակների մասին՝ 21 տոկոսը դրական է գնահատել բարեփոխումները, նրանց 18 տոկոսն ասել է, որ կառավարությունը ապահով ծերություն է նախապատրաստում համակարգի մասնակիցներին, երկու տոկոսի կարծիքով կապ է ստեղծվում մասնակից աշխատավարձի ու ապագա կենսաթոշակի միջև, ևս մեկ տոկոսը չգիտեն , թե ինչ նպատակ է հետապնդում բարեփոխումները, սակայն, դրական կարծիք ունեն: Հարցվածները, սակայն, միայն դրական կարծիք չունեն բարեփոխումների մասին Հետազոտության համակարգող Վարդան Աղբալյան.«39 տոկոսն ավելի նեգատիվ կամ ավելի բացասական նպատակներ է հնչեցրել 12 տոկոսը հայտարարել է այն մասին, որ սա ժողովրդի թալանի և կողոպուտի նոր ձև է, ութ տոկոսը հայտարարել է այն մասին, որ պետության համար փող են հայթայթում, որովհետև պետությունը փողի կարիք ունի, յոթ տոկոսը առանց լավ բացատրելու, թե ինչ նպատակ է հետապդնում, բոլոր դեպքերում լավ բան չեն սպասում այս բարեփոխումներից, չորս տոկոսը հայտնել է, որ այս բարեփոխումենրը ոմանց համար բիզնես է»:
Ինչ գիտեն քաղաքացիները պարտադիր բաղադրիչի գործարկման մասին, պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների 60 տոկոսն է տեղյակ, որ պարտադիր բաղադրիչը այս տարվա հունվարի մեկից է ներդրվել: Հարցվածների ութ տոկոսն է տեղյակ, որ պարտադիր բաղադրիչին մասնակցում են 1974թ հունվարի մեկից հետո ծնված և վարձու աշխատողները, 16 տոկոսը գիտի, որ հինգ տոկոս սեփական եկամուտներից է պահվում և հինգ տոկոս էլ պետությունն է ֆինանսվորում, պարտադիրի մասնակիցների 24 տոկոսն է, ի դեպ, տեղյակ այս դրույթից:

Անհատական կենսաթոշակային հաշիվներից տեղյակ է հինգ տոկոսը, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների ու նրանց գործառույթների մասին 8 տոկոսը: Հարցվածների 41 տոկոսը տեղյակ է, որ գումարները ժառանգելի են, 30 տոկոսն էլ գիտի, որ կարող են ֆոնդը կամ ֆոնդի կառավարչին փոխել, 28 տոկոսն է տեղյակ, որ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի սնակնանալու դեպքում, մասնակիցների խնայողությունները ոչ թե փոշիանալու են, այլ փոխանցվելու են այլ կառավարչի: Հետազոտության համակարգող Վարդան Աղբալյան. «Հարցվածների 63 տոկոսը ասում է, որ այս բարեփոխումները արդարացված չեն, հիմնական պատասխանն այն է, որ իրենք վստահություն չունեն պետության և կառավարության նկատմամբ: 42 տոկոսը իր դիրքորոշումը դրանով է բացատրում, 22 տոկոսը մի փոքր ավելի հիմնավորված պատասխաններ է ներկայացրել՝ նշելով, որ այսօրվա բարձր գործազրկության և ցածր աշխատավարձերի պայմաններում կատարվող կուտակային վճարները չեն կարող լուծել ապագայում բարեկեցիկ ծերություն ապահովելու խնդիրը»:

54 տոկոսի կարծիքով և պարտադիր, և կամավոր համակարգի ներդրումը խելամիտ չէ, մոտ 70 տոկոսը կարծում է, որ համակարգը պետք է գործի միայն կամավոր սկզբունքով. «67 տոկոսն ասել է՝ ոչ իրենք համաձայն չեն դրա հետ, նրանց 49 տոկոսը հայտնել են, որ յուրաքանչյուր մարդ պետք է ընտրության հնարավորություն ունենա, 14 հայտնել է այն մասին, որ աշխատավարձերը բավականին ցածր են, չեն կարող խնայողություններ կատարել, և դա նրանց ստիպել, դա նույնն է, որ ստիպես նրանց ավելի վատ ապրել: Այս հարցում մարդիկ ավելի արմատական են»:

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ հարցվածների քսան տոկոսն է տեղյակ, որ ՀՀ-ում սոցիակալական ծառայությունների բարեփոխումներ են իրականացվում:

Back to top button