Հայ պատգամավորները Լաթաքիայում հանդիպել են Քեսաբի փախստականների հետ


Տեղահանված քեսաբահայերից շատերը տեղահանվել են Լաթաքիայի սուրբ Աստվածածին եկեղեցում եւ բակում գտնվող դպրոցում, tert.am- ին հայտնել է Սիրիա մեկնած ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը։ Նա նշել է, որ այսօր հայ պատգամավորները հանդիպել են Քեսաբի հայության հետ։ «Պետք է ասեմ, որ տպավորությունը ցնցող էր, ճիշտ այնպիսին, ինչպիսին հանդիպել էինք դասագրքերում, հայոց ցեղասպանության վերաբերյալ աղբյուրագիտական գրականությունում, որտեղ կարդում ենք Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցների հիշողությունները»,- ասել է ԱԺ պատգամավորը։
Սամվել Ֆարմանյանը նշել է, որ պատվիրակությունը փաստահավաք որոշակի գործողություններ իրականացրել է։ Նա կարեւորել է, որ եւ Լաթաքիայի նահանգապետը, քաղաքապետը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ վստահեցրել են, որ Սիրիայի կառավարությունը հնարավոր միջոցները ձեռնարկում է քեսաբահայության վերադարձը մշտական բնակության վայր ապահովելու համար։ « Նրանք նաև վստահեցրին, որ հետագայում օգնելու են վերականգնելու ու վերակառուցելու կորցրածը»,- ասել է ՀՀԿ- ական պատգամավորը։
Սամվել Ֆարմանյանը նշել է, որ քեսափահայությունը ոգեւորված է հայկական պատվիրակության այցից։ «Մենք նաև փոխանցեցինք մի շատ կարևոր քաղաքական ուղերձ՝ սա հայության որևէ հատվածի խնդիր չէ, այլ համայն հայության»,,- ընդգծել է նա։
Հայ պատգամավորները նաեւ տեղի հայությանն է փոխանցել Հաագայում ՀՀ նախագահի հայտարարության ազդակների մասին։ «Հայտարարության մասին նրանց ճնշող մեծամասնությունն արդեն տեղյակ էր, ինչպես նաև որ միջազգային բոլոր ատյաններում ՀՀ դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունները ձայնը կբարձրացնեն՝ քեսաբահայության հետ տեղի ունեցածը դիտարկելով որպես մարդու իրավունքների, ազգային փոքրամասնությունների իրավունքների զանգվածային խախտում, և որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա նման իրադարձությունների հանդեպ: Սրանք ողբերգական իրադարձություններ են, որոնք մեր հայերի գիտակցության մեջ ակնհայտ մտազուգորդումներ են առաջացնում մեկ դար առաջ ողբերգական իրադարձության՝ Հայոց ցեղասպանության հետ»,- ասել է պատգամավորը։
Սամվել Ֆարմանյանը նշել է, որ վերադարձից հետո իրենց առաջարկները կներկայացնեն ՀՀ ԱԺ- ին, նախագահին, կառավարությանը հետագա անելիքները ճշգրտելու, հնարավոր աջակցության մեխանիզմներ մշակելու նպատակով։
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն այսօր ուշ երեկոյան Լաթաքիայից կվերադառնա Դամասկոս։