Հասարակություն

Հայ կինը հայ իրականության մեջ. հոգեւորականի եւ աստվածաբանի տեսակետները

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայ կնոջ կերպարն ու հայ իրականության մեջ կնոջ դերն այսօր վերլուծել ու հետաքրքիր եզրահանգումների են եկել ԵՊՀ աստվածաբանության ամբիոնի դասախոս Վարդան Խաչատրյանն ու  Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը: Նրանք վստահեցրել են, որ հայ իրականության մեջ կինը մշտապես մեծարվել ու գնահատվել է։

Կինը հոգի չունի. վաղ միջնադարին վերագրվող այս թեզի ակունքները ԵՊՀ աստավածաբանության ամբիոնի դասախոս Վարդան Խաչատրյանը երկար է փնտրել և հայտնաբերել է ընդամենը մեկ փաստ. կաթոլիկ եկեղեցու ժողովների ընթացքում երկու անգամ հարցը բարձրացվել ու անմիջապես արժանացել է լուրջ դիմադրության: Հոգևորականների ողջ բազմությունն այդ տեսակետը համարել է անընդունելի անգամ արտաբերելու համար, քանի որ մարդեղենության բաժինը Հիսուս Քրիոստոսը ստացավ հենց Մարիամ  Աստվածածնից։ «Քրիստոնեության մեջ երկրորդայնացաման  խնդիր լինել չի կարող, քանի որ մեծագույն զոհողությունների գնով քրիստոնեության վերելքն ապահովել են հատկապես կանայք»,- ասում է Վարդան Խաչատրյանը։

20-րդ դարասկզբին հայ ընտանիքն ու այդ ընտանիքում կնոջ դերը խորապես  ուսումնասիրած Ֆրանսիացի ազգագրագետ Անտուան Մեյեն գրում էր. «Ժողովրդավարության այն աստիճանը, որը գոյություն ունի ավանդական հայ ընտանիքում, պետք է հիմք հանդիսանա եվրոպական ընտանիքի համար:  Բազմաբնույթ դեմոկրատները պետք է գան և սովորեն, թե ինչպիսին պետք է լինի աստիճանական, դինամիկ ժողովրդավարությունն ընտանիքում»:

Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանն էլ   հիշում է Լորենս Արաբացու բնութագրումը. «Արևմուտքի կինը բռնակալ է, արևելքի կինը՝ ստրուկ է: Բայց հայ կինն իր  ազգի գենը պահպանողն է»: Ըստ քահանայի՝ սա ճշմարտություն  է և դրանում  չափազանցություն չկա։ 

«Հայ իրականության մեջ կինը մշտապես մեծարվել ու գնահատվել է». սա երկու բանախոսների տեսակետն էր՝ հիմնավորված պատմական բազմաթիվ փաստերով: Վերադառնալով մեր օրերին՝ Վարդան Խաչատրյանն ասում է. «Կանանց իրավունքների ենթատեքստում այսօր ավելի հաճախ քննարկվում է հարցը, թե ինչու են նրանք ավելի քիչ ներգրավված քաղաքականության մեջ, քան՝ տղամարդիկ: Հարցի լուծումը օրենքի դաշտում է, որտեղ ինչ- որ քայլեր արդեն կատարվել են»։

Ժամանակակաից հայ կինը, այնուամենայնիվ, խնդիր ունի։ «Լքված է հայ ընտանիքը, տղամարդը դրսում է, և կինն իր ուսերին է կրում մեր իրականութայն ողջ ծանրությունը: Այս առումով կինն, այո, մերժված է»,- ասում է Շահե քահանան։

Առաքինի, ուժեղ, օջախի կրակն ու ազգի գենը պահպանող հայ կնոջ կերպարը ենթագիտակցության մեջ հայ դեռահաս աղջիկն այսօր համացանցում է, որտեղ ազատության սահմանն անսահման է: Ինչ է ստացվելու այս միաձուլումից։ Վարդան Խաչատրյանը դարձյալ լավատես է. «Համացանցից դժգոհել պետք չէ, պարզապես պետք է ավելի ակտիվ քարոզել մեր արժեքները՝ շեշտադրելով մի բան։ Ազատությունն ընտրությունը չէ, ազատությունը բարու և չարի իմացությամբ կատարված ընտրությունն է: Իսկ չարի ու բարու գիտությունը պետք է մատուցել այնպես, որ այն միս ու արյուն դառնա մարդու մեջ»։

Back to top button