ԿարևորՔաղաքական

Կրթության մասին խորհրդարանական քննարկումներ՝ բարեկրթության հորդորներով

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Այսօր խորհրդարանական քննարկումների առանցքային   թեման եղել է կրթությունը, իսկ  ԱԺ ամբիոնի մոտ  հիմնականում  կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Քննարկումները վերաբերել են  «Կրթության մասին» օրենքում առաջարկվող մի քանի փոփոխություների: Խնդիրների պակաս ոլորտում չկա, ասել է ԿԳ նախարարը, բայց կրթության համակարգն ամենաբարեփոխվողն է  և շատ հեղինակավոր կառույցներ  օրինակելի են համարում բարեփոխումների հայաստանյան մոդելը։ Ընդդիմադիր ուժերը կենտրոնացել են ոչ այնքան մոդելի օրինակելիության, որքան խնդիրների վրա: 

«Կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների փաթեթներից մեկով կառավարությունը նախատեսում է նախնական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող բոլոր կառույցներն իրավաբանորեն ընդգրկել մեկ միասնական դաշտում: Առաջարկվում է  նաև ներառական կրթության սկզբունքը Հայաստանում ներդնել ամբողջությամբ եւ համընդհանուր ընդգրկումով։ 

Փաթեթներից մյուսը բուհական համակարգին է վերաբերում։ Առաջարկվող լուծումները,  այսպես ասենք, սոցիալական նոր պարտավորություններ են նախատեսում բուհերի համար: Նախ՝ առաջարկվում է կառավարությանը օրենսդրորեն վերապահել  ուսման վարձի վերին շեմ սահմանելու լիազորություն, նաև հստակ սահմանել սոցիալական այն խմբերի ցանկը, որոնց պետությունը երաշխավորում է ֆիքսված զեղչ, «որպեսզի տվյալ ուսանողին զեղչ տալու-չտալու խնդիրը չդառնա դեկանի, ամբիոնի վարիչի, ուսխորհրդի նախագահի լավամարդության առարկա: Գործող ցանկը առաջարկում ենք ընդլայնել ու հստակ ֆիքսել զեղչային ծավալները»։

Փոխարենը՝ պետությունը պարտավորվում է օգնել բացառապես այն ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն: Սա նշանակում է, որ արտոնությունները տարածվելու են միայն այն ուսանողների վրա, ովքեր լավ են սովորում, իսկ նրանք, ովեքեր սոցիալապես անապահով են, բայց ցածր առաջադիմություն ունեն, ծրագրի շահառու չեն:

Փոփոխություններից մյուսով էլ գործադիրն առաջարկում է, որ յուրաքանչյուր բուհ որոշակի ծավալով պետպատվերով ուսում կազմակերպելու պարտավորություն ստանձնի։ ներդրումը պետք է լինի  պետության ներդրումի  20 տոկոսի չափով: «Օրինակ՝ եթե ԵՊՀ-ին մենք տրամադրելու ենք դիցուք 1000 պետպատվերով տեղ, ապա համալսարանն իր կողմից պարտավորվում է ևս 200 ուսանողի համար կազմակերպել անվճար կրթություն այն մասնագիտություններով, որոնք կառավարությունը համարել է գերակա»։

Կրթության նախարարը վստահեցնում է, որ այս փոփոխությունները նկատելիորեն բարեփոխելու են  բարձրագույն կրթության  համակարգը, ավելի ընդգծված են դարձնելու բուհ-երի սոցիալական պատասխանատվության մեխանիզմները:

Պատգամավորները նույնքան լավատես չեն. ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ կրթության ոլորտը զարգացման ռազմավարություն չունի: Եվ թերևս օգտագործելով առիթը, որ թեման կրթությունն է,  հայերենի բլից դասընթաց կազմակերպեց հենց ԱԺ ամբիոնից: Արամ Մանուկյանն աձանձնացրել էր այն սխալները, որոնք հաճախ են հնչում խորհրդարանում: «Ընձեռնել բառ հայերենում չկա, ընձեռել-ը կիրառեք: Ըստ ինձ արտահայտություն գոյություն չունի, ըստ իս ասեք: Հույսով եմ շատ եք ասում, սխալ է՝ հուսով եմ: Եվ շատ հաճախ է հնչում գրանցվել են 106 պատգամավորների, պատգամավորի փոխարեն»։

Պարզվեց պատգամավորների բառապաշարից գոհ չէ նաև կրթության նախարարը: Խոսքը, սակայն, լեզվական սխալների մասին չէր։ «Ինձ դուր չի գալիս վերջին շրջանում խորհրդարանում օգտագործվող բառամթերքը: Կարող ենք  մի օր մեզ նեղություն տալ ու տեսնել, թե վերջին մեկ տարում  իրար մասին ինչ բառապաշարով ենք խոսել և ով է առաջինը սկսել: Բառերի մեջ չափավոր եղեք, սիրելի ընդդիմախոսներ»։

Սա, ըստ էության, պատասխան էր նիստի սկզբին ԲՀԿ-ից Էլինար Վարդանյանի այն դիտարկման, թե վերջին շրջանում կառավարության ներկայացուցիչները փոխել են իրենց տոնը։ «Կառավարության անդամները որդեգրել են իրենց կարծիքով  պատվախնդիր քաղաքականություն՝ օգտագործելով արտահայտություններ, որոնք հարիր չեն նախարարին: Դա սկսվեց Հրայր Թովմասյանից, հետո այլ նախարարներ նույնպես մտավարժանքի ենթարկեցին իրենց այդ ունակությունը»:

Իսկ վերջին օրինակը, Էլինար Վարդանյանի խոսքով, երեկ բնապահպանության նախարարի թույլ տված արտահայատությունն էր: Ի դեպ՝ արդարացնո՞ւմ է արդյոք այդ պահվածքը կրթության ու գիտության նախարարը: Արմեն Աշոտյանն ասաց, որ Արամ Հարությունյանի արտահայտությունը համարժեք էր ակտիվիստների պահվածին: Իսկ հարցին, թե իսկապե՞ս կառավարությունն ավելի անհանդուրժող է դարձել՝ պատասխանեց։ «Սա ի պատասխան է: Դուք լսո՞ւմ եք, թե իրենց բառամթերքն ինչպես է սաստկացել վատ իմաստով, ինչ ամբարտավանությամբ են արտահայտվում կառավարության ու առանձին անձանց մասին: Քննադատությունը մոռացած ՝ անցել են պիտակավորումների: Այնպես որ՝ ձեր աչքի փուշը տեսեք, նոր մեր մասին խոսեք: Մենք մեր փշերի տեղը լավ գիտենք»:

Back to top button