Հասարակություն

Ինչու է ՄԱԿ-ը լռում

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Այսօր ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ քաղաքացիական նախաձեռնությամբ բողոքի ակցիա է անցկացվել: Մասնակիցները նամակ են հանձնել ՄԱԿ-ին` պահանջելով խախտել լռությունը եւ համապատասխան գնահատական տալ Թուրքիայի կողմից մարտի 21-ին Սիրիայի հայկական Քեսաբ գյուղաքաղաք ահաբեկիչների ներխուժմանը, ավերմանն ու թալանին աջակցելուն:

Ակցիայի կազմակերպիչները կոչ են արել ՄԱԿ-ին` ծառայել իր կոչմանը. խստորեն դատապարտել Թուրքիայի ահաբեկչական քայլերն ու դրանց տալ համարժեք իրավական գնահատական եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել: Պետական մակարդակով Թուրքիան իրականացրել է ագրեսիա եւ ահաբեկչություն` Սիրիայում գտնվող հայաբնակ Քեսաբի հայաթափմանը, թալանին եւ ավերմանն աջակցելով: Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները դատապարտեցին Թուրքիայի քայլերի նկատմամբ ՄԱԿ-ի անտարբերությունը:

«ՄԱԿ-ը նախեւառաջ պիտի իրավական գնահատականը տա եւ համապատասխան միջոցներ կիրառի»:
Կազմակերպությանն ուղղված նամակով հիշեցվում է ՄԱԿ-ի առաքելության մասին եւ կոչ արվում խախտել անույլատրելի լռությունը:

«Այսքանից հետո դեռ ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնը Թուրքիա տեղափոխելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են: Կարծում ենք` այս ամենից հետո կասկածներ չեն կարող լինել, որ ահաբեկչությունը պետական մակարդակով հովանավորող պետությունը չի կարող ազգերին խաղաղությունը երաշխավորող կառույցի կենտրոն լինել»:
Բողոքի ակցիայի մասնակիցներից «Նախնյաց հետքերով» մշակութային ՀԿ անդամ Արման Մխիթարյանը կարծում է, որ Հայաստանը պետք է կոնկրետ քայլերով սատար կանգնի Քեսաբից տեղահանված հայությանը: ՀԿ նախագահը կարծում է, որ, օրինակ, հոգեբանական մեծ աջակցություն կլինի, եթե 25-30 հոգանոց խմբեր ուղղարկվեն Սիրիայի հայաբնակ տարածքներ:

Back to top button