ԿարևորՔաղաքական

Արվում է հնարավորը քեսաբահայությանն օժանդակելու համար, ԱԺ- ում հայտարարեց ԱԳ նախարարը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Միջազգային ատյաններում ՀՀ նախագահն արդեն բարձրաձայնել է Հայաստանի անհանգստությունը Քեսաբի իրադարձությունների հետ կապված: Բացի այդ՝ մոտ 30 երկրների հետ երկկկողմ շփումներում նույնպես հայկական կողմը անդրադարձել է այս խնդրին: Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում տիրող ներկայիս վիճակը եւ Հայաստանի կողմից ձեռնարկվող անվտանգության միջոցառումների մասին տեղեկությունն այսօր ԱԺ- ում պատգամավորներին ներկայացրեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Անում ենք հնարավորինը, որպեսզի անհրաժեշտ օժանդակությունը ցուցաբերենք քեսաբահայությանը։ Դամասկոսում մեր դեսպանությունն ունի հանձնարարականներ եւ համապատասխան աշխատանքներ է տանում։ Մինչ այս վերջին հարձակումները բնակչության մոտ 70 տոկոսը հայեր էին։ Այսօր մոտ 700 ընտանիք ապաստանել է Լաթաքիայում։ Նրանք, ովքեր չունեն ազգականներ, բարեկամներ ապաստանել են հայկական եկեղեցում։ Այնտեղ այսօր հանդիպում է կայացել ԱԺ պատվիրակության հետ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ լավ կլինի քեսաբահայության համար նյութական ոժանդակություն կազմակերպվի։ Ի դեպ՝ Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական բազմաթիվ կազմակերպություններ  արդեն հայտնել են իրենց պատրաստակամության մասին` հնարավորինս օժանդակել քեսաբահայությանը:

Օրակարգային մեկ այլ խնդիրերից էլ կենսաթոշակային բարեփոխումների հարցն է: Կառավարության առաջարկը դեռ ուժի մեջ է` հանդիպել «Դեմ եմ» շարժման անդամների հետ եւ քննարկել կենսաթոշակային բարեփոխումների վիճահարույց հարցերը: Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա ՍԴ որոշումից հետո, այսօր Աժ-ում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը։ «Կարծում եմ, որ աշխատանքային հանդիպման ժամանակ, որը մենք կունենանք եւ կխոսենք, կքննարկենք այն բոլոր հարցերը, որոնք փոփոխման ենթակա են եւ փոփոխման ենթակա չեն եւ կաշխատենք գտնել փոխըմբռնման այն եզրը, որը կձգտենք գտնել միմյանց հետ: Կարծում եմ, որ այդ հանդիպումը անպայման պետք է լինի ՍԴ որոշումից հետո, որպեսզի շատ ավելի հստակ լինեն մեր գործունեության սահմանները»։

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի բոլոր ջանքերը՝ ստանալ հստակ պատասխան. «պարտադիր բաղադրիչը»  կհանվի օրենքից, թե՝ ոչ, արժանացան միեւնույն պատասխանի: Վաչե Գաբրիելյանը երեք անգամ նշեց, որ նախապայմաններով խոսելն անընդունելի է երկու կողմի համար էլ։

Back to top button